2015 թվականի մարտի 7-ի երեկոյան Գյումրիում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով:
2015 թվականի մարտի 7-ին' ժամը 23:30-ից մինչև մարտի 8-ի' ժամը 00:40-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրիի բժշկական կենտրոնից ահազանգեր են ստացվել, որ Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի 165 տան դիմացից տարբեր մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 6 անձ:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը' տեղեկացնում ենք, որ բաց, թափանցող, կոտորակային, օտար մարմին գանգի խոռոչում, գանգի ոսկրերի բազմաբեկորային կոտրվածքներ, ներգանգային հեմատոմաներ, ուղեղային հեմատոմաներ ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Կնյազ Սմբատի Ղազարյանը, ձախ ուսահոդի շրջանի քերծվածքներ, հրազենային կոտորակային վնասվածք, անրակի բաց կոտրվածք, գլխի գագաթային ծոծրակային շրջանի քերծվածքներ վնասվածքներով՝ Գագիկ Սմբատի Ղազարյանը, բաց, ծանր գանգուղեղային վնասվածք, գանգի ոսկրերի բազմաբեկորային ներհրված կոտրվածքներ, ներգանգային հեմատոմաներ վնասվածքներով՝ Գագիկ Գառնիկի Ղազարյանը, ձախ ազդրի և ձախ գոտկային շրջանի կտրած վերքերով՝ Վլադիմիր Ալբերտի Հակոբյանը, ձախ հետույքային շրջանի ծակած կտրած վերք ախտորոշմամբ՝ Սմբատ Կնյազի Ղազարյանը և գլխի ճակատային շրջանի քերծված վերքերով՝ Համլետ Վարդգեսի Գևորգյանը:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5,45 մմ և 9 մմ տրամաչափի պարկուճներ, որսորդական ողորկափող հրացանի պարկուճներ, փայտե մահակներ, կայանված վնասված մեքենաներ:
Նախապատրաստված նյութերով Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ' երկու եւ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձի, զինված խուլիգանության, ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար' ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ- որոնողական միջոցառումներ' զինված միջադեպի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ բոլոր մասնակիցների ինքնությունն ու շարժառիթը պարզելու ուղղությամբ: