Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ճապոնիա կատարած այցի ընթացքում կոչ է արել պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ պայմանավորված Ուկրաինայում տիրող իրավիճակով, սակայն խոստովանել է, որ պետք է խնդրի լուծման համար դիվանագիտական ուղիներ որոնել: Այս մասին հայտնել է «Կիոդո» գործակալությունը:
Բացի այդ, Մերկելը կողմ է արտահայտվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բարեփոխումների իրականացմանը և նշել է Ճապոնիայի և Բրազիլիայի հետ համագործակցության կարևորությունը, մասնավորապես, միջազգային ահաբեկչության դեմ պայքարում: Մերկելն իր ելույթում անդրադարձել է Ճապոնիայի երկու քաղաքացիների՝«Իսլամական պետության» գրոհայինների կողմից մահապատժի ենթարկվելուն և Փարիզում սույն հունվարին տեղի ունեցած ահաբեկչություններին:
Երեկոյան կկայանա Մերկելի հանդիպումը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ, որի հետ քննարկվելու են G7-ի շրջանակներում համագործակցության, Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման, ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր:
Ճապոնացի վերլուծաբանները կարծում են, որ Բեռլինի ու Տոկիոյի դիրքորոշումները նման են G7-ի անդամ մնալու և Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումից խուսափելու հարցում: