Ադրբեջանական կասպյան ռազմական հետազոտությունների «Խազար» ինստիտուտի (Caspian Defense Studies Institute) կողմից անցկացված ԶԼՄ-ների մոնիտորինգի արդյունքում Ադրբեջանի անվտանգության եւ պաշտպանության հատվածում կորոսւտը 2015 թվականի սկզբից մինչ այժմ կազմել է 12 զինծառայող: Ընդ որում, կորուստներից 8-ը մարտական, իսկ 4-ը ոչ մարտական են:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական Meydan TV հեռուստաալիքի կայքը:
7 զինծառայող զոհվել են հակառակորդի գնդակից, իսկ մեկը պայթել է ականի վրա: Ոչ մարտական կորուստներից երկուսը մահացել են ոչ կանոնադրական հարաբերությունների, մեկը' զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով, մեկը' հիվանդությունից: Բացի այդ, 5 զինծառայող վիրավորվել կամ տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել:
Ինստիտուտը նշում է նաեւ, որ կորուստների մոնտորինգի անցկացումը, նախորդ տարիների համեմատ, խիստ դժվարացել է, քանի որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը եւ մյուս ուժային կառույցները ձգտում են թաքցնել կորուստները: «Խազար»-ը հայտնել է, որ իշխանությունները ադրբեջանական բոլոր ԶԼՄ-ներին պատվիրել են մարտական կորուստների մասին տեղեկատվություն չտարածել:
«Խազար»-ը նաեւ նշել է մանաթի արժեզրկման հետ կապված Ադրբեջանի զինված ուժերում զինծառայողների սոցիալական պաշտպանվածության վատթարացման մասին:
«Զինծառայողների աշխատավարձերն առանց այն էլ չնչին են: Այսպես, թիկունքում ծառայող լեյտենանտները ամսական ընդամենը 500 մանաթ աշխատավարձ են ստանում, իսկ պայմանագրային ենթասպաներն ու սերժանտները' ավելի ցածր», -նշել է ինստիտուտը:
«Խազար»-ն անդրադարձել է նաեւ ադրբեջանական բանակում առկա բնակարանային խնդիրներին. հազարից ավելի զինծառայողներ եւ ավելի պահուստի սպաներ գտնվում են բնակարանի հերթում, եւ հայտնի չէ, թե երբ նրանք բնակարան կստանան:
Ըստ ադրբեջանական ինստիտուտի' քանի բանակում բավարար սոցիալական պաշտպանվածություն չկա, ոչ կանոնադրական հարաբերությունների հետ խնդիրները, սպաների' կարիերայում առաջընթացի հետ կապված հույսերի բացակայությունը կշարունակեն մնալ:
Թեւ Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը, այդուհանդերձ, ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների համաձայն' տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստները կազմել են առնվազը 36 զինծառայող եւ 27-ից ավելի վիրավոր: