Երևանի հանրակրթական դպրոցների առարկայական օլիմպիադաների քաղաքային փուլի ընթացքի հետ կապված' քաղաքապետարանում անցկացված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ 15 առարկաներից անցկացվող օլիմպիադաներն ավարտվել են, և արդյունքների ամփոփումից հետո հաղթողները կպարգևատրվեն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանÕ « տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշվել է նաև, որ նախորդ տարիների համեմատ գրանցվել է մասնակցության աճ:

 

«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրենը զեկուցել է, որ մանկապարտեզներում հերթագրվող երեխաներին հաշվառելու էլեկտրոնային համակարգի ստեղծման աշխատանքները սկսված են: Փորձնական տարբերակով համակարգն առաջինը կներդրվի երկու մանկապարտեզներում:

 

Քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում քաղաքացիների և պետական կառույցների կողմից փետրվարին ստացվել է 11 հազար 836 դիմում և գրություն: Բոլոր գրությունների պատասխանները դիմումատուներին տրամադրվել են սահմանված ժամկետում: Բացի այդ, զեկուցվել է, որ քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում քաղաքացիների ընդունելություններին փետրվարին մասնակցել է 494 քաղաքացի: Բարձրացված հարցերի զգալի մասին տրվել են համապատասխան լուծումներ և սպառիչ պատասխաններ, իսկ 25 հարց դեռևս կատարման ընթացքում է:

 

Խորհրդակցության ավարտին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը քաղաքապետին է ներկայացրել Երևանի և ՀՀ մարզերի միջև համագործակցության ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզ կատարած այցն ու արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Զեկուցվել է նաև, որ վարչական շրջանի և մարզի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է շարունակել ակտիվ համագործակցությունը ինչպես ՀՀ մարզերի, այնպես էլ ԼՂՀ շրջանների հետ: