Լյուբլյանայում գտնվող Էդվարդ Նալբանդյանը մարտի 10-ին այցելել է Սլովենիայի Ազգային ժողով, ուր հանդիպել է խորհրդարանի նախագահ Միլան Բրգլեժին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից, հանդիպմանը քննարկվել են հայ-սլովենական հարաբերություններիզ արգացմանը, երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Այս առումով կարեւորվել է երկու երկրների օրենսդիր մարմիններում բարեկամության խմբերի ստեղծումը։

 

 

Զրուցակիցներն անդրադարձել են միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում Հայաստանի և Սլովենիայի պատվիրակությունների միջեւ փոխգործակցությանը։

 

 

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերը և ընդգծել դրանց աջակցելու կարևորությունը։

 

 

Հայաստանի արտգործնախարարի՝ Լյուբլյանա այցելության օրակարգում է եղել Սլովենիայի կառավարության պետքարտուղար Յանեշ Լենարչիչի հետ հանդիպումը։ Ողջունելով Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Սլովենիա՝ Յանեշ Լենարչիչը նշել է, որ կառավարությունը պատրաստ է հավելյալ քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։

 

 

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել մի շարք տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Այցելության շրջանակներում նախարար Նալբանդյանն առանձին հարցազրույցներ է տվել սլովենական հեղինակավոր «Delo» և «Dnevnik» թերթերին։