ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 20-ին հանդիպել է Երևանում պաշտոնական այցով գտնվող Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի հետ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին' նախարար Նալբանդյանը նշել է, որ վերջին տարիներն առանձնացել են Հայաստանի և Կիպրոսի միջև շփումների ինտենսիվությամբ, և որ համատեղ ջանքերով երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի վրա են բարձրացվել, և առկա է երկուստեք պատրաստակամություն՝ դրանք առավել ամրապնդելու և խորացնելու համար:

 

Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել Կիպրոսի խորհրդարանականների և անձամբ պարոն Օմիրուի ներդրումը' հայ-կիպրական բարեկամական հարաբերությունների զարգացման, միջպետական համագործակցության խորացման գործում:

 

Յանակիս Օմիրուն իր հերթին ընդգծել է, որ շարունակելու է գործունեությունը' ուղղված Հայաստանի և Կիպրոսի միջև համագործակցության առավել սերտացմանը։

 

Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ ակտիվ փոխայցելությունները, այդ թվում' երկրների նախագահների պետական այցերը, փաստում են երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի մասին: Նրանք համակարծիք էին, որ հայ-կիպրական հարաբերությունները կարելի է օրինակելի որակել իրենց փոխըմբռնման և փոխվստահության դրսևորումներով:

 

Անդրադարձ է կատարվել խորհրդարանների միջև հաստատված ակտիվ համագործակցությանը, միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությանը, որոնք ևս մեծապես նպաստում են միջպետական հարաբերությունների զարգացմանը և ժողովուրդների միջև բարեկամության խորացմանը:

 

Յանակիս Օմիրուն և Էդվարդ Նալբանդյանը կարևորել են կիպրահայ համայնքի ակտիվ դերակատարությունը' երկկողմ փոխգործակցության ամրապնդման գործում:

 

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցությանը: Երկուստեք բարձր է գնահատվել միջազգային կազմակերպություններում Հայաստանի և Կիպրոսի փոխգործակցությունը: Մտքեր են փոխանակվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպվելիք միջոցառումների վերաբերյալ։

 

Կողմերն անդրադարձել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերին, կիպրական հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Կիպրոսի Հանրապետության և միջազգային հանրության կողմից իրականացվող քայլերին: