Վոլոգդայի նահանգում աշխատանքային այցով գտնվող, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը հանդիպել է Վոլոգդայի նահանգապետ Օլեգ Կուշիննիկովի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը մասնակցել է նաև Միգրացիայի ֆեդերալ ծառայության Վոլոգդայի մարզի պետ Սերգեյ Ժեստյաննիկովը:
Քննարկվել են ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես' Վոլոգդայի նահանգի և ՀՀ մարզերի միջև առևտրատնտեսական, գյուղատնտեսական, մշակութային և կրթության բնագավառներում փոխգործակցության խորացման հնարավորությունները:
Զրույցի ընթացքում Վոլոգդայի նահանգապետն ընդգծել է նահանգի հայ համայնքի կարևոր դերակատարությունը Վոլոգդայի հասարակական և մշակութային կյանքում, որի խորհրդանիշն է մարզկենտրոնում հանդիսավորությամբ բացված, հայ-ռուսական դարավոր բարեկամությանը նվիրված խաչքարը:
Այցի շրջանակներում Հրայր Կարապետյանը հանդիպել է նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ. քննարկվել են Վոլոգդայի և Չերեպովեցի հայ համայնքների կողմից իրականացվելիք' Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների վերաբերյալ հարցերը: Չերեպովեցի հայերի միության նախագահ Հարլեմ Զարգարյանը գլխավոր հյուպատոսին ներկայացրել է Չերեպովեցում հայկական եկեղեցու և համայնքային մշակութային կենտրոնի կառուցման նախագիծը: