Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը կապ չի տեսնում ադրբեջանական զինուժի իրականացրած վերջին դիվերսիոն գործողության և ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի արտահայտած մտահոգության միջև: Մարտի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը Թևան Պողոսյանը հիշեցրեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մի քանի ելույթները, որոնցում բարձրաձայնվել է այն հարցը, որ 2015թ. Հայաստանի համար ծանր տարի է լինելու, քանի որ թշնամին ակտիվություն է դրսևորելու՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները խոչընդոտելու համար: «Մենք գիտենք, որ 2015թ. ընթացքում դիվերսիաներ եղել են Ադրբեջանի կողմից, այնպես որ վերջին դիվերսիան կապել մի հայտարարության հետ, սխալ կլինի: Որքան մենք մոտենանք ապրիլի 24-ին, այնքան ավելի շատ է հակառակորդն ակտիվանալու, քանի որ Ադրբեջանն այդ եղանակով իր «եղբայր» Թուրքիային ծառայություն է մատուցելու, որի նպատակն է խոչընդոտել Ցեղասպանության 100-րÕ ¤ տարելիցի միջոցառումները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Պողոսյանը:

 

Անդրադառնալով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ ՀՀ Նախագահի հայտարարությանը՝ Թևան Պողոսյանը նկատեց, որ սա առաջին անգամը չէ, երբ հանրապետության ղեկավարը այդ հարցի շուրջ իր մտահոգությունն է հայտնում: «Եթե հիշում եք անցած տարի Սերժ Սարգսյանը Լատինական Ամերիկա կատարած այցի ընթացքում այս հարցի կապակցությամբ իր մտահոգությունն արտահայտել էր: Եվ չնայած այն հանգամանքին, որ շատերն ասում են, որ դա այնքան ուժեղ մեսիջ չէր, որքան վերջինը՝ ես հակառակ համոզմունքն ունեմ: Որովհետև այն ժամանակ նա ասաց, որ հայ ազգը մտահոգված է, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին: Ըստ իս՝ սա ավելի հզոր մեսիջ էր, քանի որ Ռուսաստանին պետք է հետաքրքրի, թե ինչ են մտածում բոլոր հայերը, այլ ոչ թե առանձին վերցրած քաղաքական գործիչներ»,- մանրամասնեց պատգամավորը:

 

Թևան Պողոսյանի խոսքով՝ Լատինական Ամերիկայում և մի քանի օր առաջ ՀՀ Նախագահի արած հայտարարությունները, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը սլովենական թերթերից մեկում արդեն իսկ խոսում են այն մասին, որ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ հստակ մեսիջներ են փոխանցվում: «Բացի այդ, երեկ նաև Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն է իր մոսկովյան հանդիպումների ընթացքում այդ հարցը բարձրացրել, վստահ եմ, որ այս հարցը ներքին քննարկումների ժամանակ բարձրացվել է և բարձրացվելու է: Այստեղից Ռուսաստանը շատ հետևություններ ունի անելու: Իսկ մենք ունենք մեկ խնդիր՝ մենք պետք է մեր սահմանները պաշտպանենք: Իսկ թե ինչ զենք կօգտագործի հակառակորդը, դա մեզ այնքան էլ չի հուզում: Իհարկե, ես ցավում եմ, որ Ադրբեջանին զենք է վաճառում հենց մեր ռազմավարական դաշնակիցը»,- ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ ինքն իր պատգամավորական գործությանեության 3 տարիների ընթացքում մշտապես իր մտահոգությունն է արտահայտել է, որ ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին:

 

«Արարատի ստորոտին» մեդիաֆորումի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով ռուս լրագրողի հարցին, իր մտահոգությունն էր հայտնել ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ: ՀՀ Նախագահը նշել էր, որ հայ զինվորը գիտակցում է, որ իրեն կարող են սպանել ռուսական զենքից, ինչը կարող է վնասել հայ-ռուսական հարաբերությունները: ՀՀ Նախագահի այս հայտարարության հաջորդ օրը ադրբեջանական զինուժը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ կրկին դիվորսիոն ներթափանցման փորձ ձեռնարկեց, ինչի արդյունքում հայկական կողմը 3 զոհ ունեցավ: Այնուհետև սկսեցին խոսակցություններ շրջանառվել այն մասին, որ ադրբեջանական կողմի իրականացրած հարձակումը ՀՀ Նախագահի հայտարարության պատասխանն էր: