Շիրակի մարզպետ ֆելիքս Ցոլակյանի հրամանով ստեղծվել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն համակարգող մարզային հանձնաժողով, որը ղեկավարում է մարզպետը: «Մինչ հանրապետական հանձնաժողովի առաջին նիստն արդեն մարզում կազմվել էր աշխատանքային պլան, որտեղ ներառվել էին մարզի բոլոր համայնքների, տարբեր ոլորտների կողմից իրականացվելիք միջոցառումները: Թեև այս ծրագրը ելակետային է, բայց սրա մեջ դեռ ամփոփված չեն բոլոր միջոցառումները: Նորաստեղծ հանձնաժողովը կլրացնի այդ ծրագիրը: Առաջիկայում հանձնաժողովը կունենա խորհրդի նիստ, որին քննարկման կդրվի այս ծրագիրը:

 

Անշուշտ, կլինեն նաև լրացումներ»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը՝ հայտնելով, որ միջոցառումների կուլմինացիան, անշուշտ, տեղի կունենա ապրիլի 24-ին, բայց ձեռնարկ ված միջոցառումները բաժանվում են ամբողջ տարվա վրա:

 

Միջոցառումների շրջանակներում Շիրակի հայագիտական կենտրոնը կանցկացնի «Մեծ եղեռնի դասերը» գիտական նստաշրջան, Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբն «Ապրելու կանչը» համերգային ծրագրով առաջին անգամ հանդես կգա մայրաքաղաքում, հատուկ ծրագրով՝ «Հավերժի ճամփորդը» խորագրով, ելույթ կունենա նաև Գյումրու ժողովրդական նվագարանների համույթը, միջոցառումներով կմասնակցեն Շիրակի մարզային գրադարանը, Հայաստանի գրողների և նկարիչների միությունների Շիրակի մասնաճյուղերը:

 

Կանցկացվեն նաև ջահերով երթ դեպի Հերհերի ձոր, մոմավառություն, հուշարձան բացում, կինոդիտում, շարադրությունների մրցույթ և այլն: Առանձին ծրագրերով հանդես կգան նաև թանգարանները, կկազմակերպվեն հուշ-երեկոներ, ռազմամարզական խաղեր և այլն: «Միջոցառումները շատ են: Գյումրիից բացի բազմաբնույթ ծրագրերով կներկայանան նաև մարզի մյուս համայնքները՝ Մարալիկում կբացվի Սողոմոն Թեհլերյանի հուշարձանը, կկազմակերպվի նաև երթ, Արթիկում՝ լույսերով երթ և հոգևոր երգչախմբի և երաժշտական դպրոցի երգչախմբի համատեղ համերգ և այսպես' մյուս համայնքներում ևս»,-նշեց Հասմիկ Կիրակոսյանը:

 

 

Արմենուհի Մխոյան