Հունիսի 23-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը պաշտոնական այցելությամբ Երևան ժամանած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի միջև կայացած առանձնազրույցից հետո բանակցությունները շարունակվեցին պատվիրակությունների մասնակցությամբ:
Ողջունելով Ռուսաստանի արտգործնախարարին' նախարար Նալբանդյանը նշեց, որ նախարարների մակարդակով պարբերական հանդիպումները հնարավորություն են տալիս անդրադառնալու երկու երկրների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, քննարկելու քաղաքական, տնտեսական, հումանիտար, միջխորհրդարանական բնագավառներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր, մտքեր փոխանակելու միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ։
Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ նախարար Լավրովն ասաց. «Ուրախ եմ նորից այցելել Երևան. մենք ունենք ամենամյա պաշտոնական փոխայցելությունների ավանդույթ, նաև հաճախակի հանդիպումներ ենք ունենում Երևանում, Մոսկվայում և տարբերի միջազգային համաժողովների շրջանակներում, և դա բնական է երկու դաշնակից երկրների և ռազմավարական գործընկերների համար»:
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները հանգամանալից անդրադարձան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի, այդ թվում' ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցությանը, քննարկեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Բանակցությունների ժամանակ մանրամասն անդրադարձ կատարվեց Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին։
Երկուստեք գոհունակություն հայտնվեց ՀՀ և ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հաստատված արդյունավետ համագործակցության կապակցությամբ: Ընդգծվեց, որ երկու երկրները արդյունավետորեն փոխգործակցում են միջազգային կազմակերպություններում, մասնավորապես' ՄԱԿ, ԵԱՀԿ, ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԽ, ՍԾՏՀԿ և այլ միջազգային հարթակներում:
Հանդիպմանը նախարարները մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ: Այս համատեքստում Հայաստանի արտգործնախարարը երախտագիտություն հայտնեց Ռուսաստանի՝ մյուս համանախագահ երկրների հետ միասին, շարունակական ջանքերի համար՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։
Նախարարները քննարկեցին տնտեսական փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Ընդգծվեց, որ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի առանցքային առևտրատնտեսական գործընկերը: Գոհունակություն հայտնվեց, որ 2013թ. ապրանքաշրջանառությունը ավելացել է 10%-ով և կազմել 1,445 մլրդ. ԱՄՆ դոլար:
Զրուցակիցները բարձր գնահատեցին միջկառավարական, միջխորհրդարանական հանձնաժողովների աշխատանքները, ապակենտրոնացված համագործակցությունը' Հայաստանի մարզերի և ՌԴ շուրջ 70 սուբյեկտների միջև:
Նախարարները անդրադարձան նաև ՌԴ միգրացիոն օրենսդրության փոփոխությունների հետևանքով ՀՀ քաղաքացիների առջև ծառացած խնդիրներին և դրանց լուծման ուղիներին:
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Անդրադարձ կատարվեց ուկրաինական ճգնաժամին, Սիրիայում, Իրաքում և, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններին: