The National Interest վերլուծական պարբերականն իր Another Regional War in the Wings (Մեկ այլ տարածաշրջանային պատերազմ կուլիսներում) անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
«Սիրիայից Աֆղանստան ձգվող կոնֆլիկտային շրջանում կա մեկ այլ տարածաշրջանային պատերազմ, որը կրկին կարող է սկսվել»,-նշում է պարբերականը: Երկու տասնամյակ առաջ Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմի մեջ մտան Լեռնային Ղարաբաղի համար: Հայաստանը հաղթեց պատերազմում, սակայն ոչ մի կողմ դեռևս վերջնական չի ընդունել խաղաղության պայմանագիրը: 1994 թվականին ստորագրված պայմանագիրը դիվանագիտության միակ շոշափելի հաղթանակն էր:
Չնայած Վաշինգտոնի, Մոսկվայի և Փարիզի միջնորդող փորձերին՝ կողմերը դեռ բանակցությունների մեջ չեն մտել, և վտանգ կա, որ պատերազմը նորից կվերսկսվի:
Այս երկրները շարունակում են ռազմական սպառազինությունը, Ադրբեջանը՝ իր գազի և նավթի միջոցով, Հայաստանը՝ Ռուսաստանի օժանդակության: Ադրբեջանին հովանավորում է Թուրքիան, Հայաստանն էլ անվտանգության և պատմական կապեր ունի Ռուսաստանի հետ:
Միջազգային դիտորդները նշում են, որ վերջնական խաղաղության կարելի է հասնել միայն հողերի զիջումով: Պատերազմի ավարտից հետո առաջին տարիներին Հայաստանի և Ադրբեջանի դիվանագետներն ու քաղաքական գործիչները հասկանում էին, որ հարցի լուծումը հնարավոր է հաստատել միայն Լեռնային Ղարաբաղի արևելքից և հարավից Հայաստանի հեռացումով, իսկ Ադրբեջանն էլ պետք է ճանաչեր արևմտյան Ղարաբաղի առանձնացումը և նրա միավորումը Հայաստանին: Սակայն այժմ երկու կողմերն էլ չեն ընդունում հողերի դիմաց խաղաղություն կարգախոսը:
Ավելի մեծ սպառնալիք կարող է լինել այն, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմում կարող են ներգրավվել նաև հովանավոր պետությունները' Թուրքիան և Ռուսաստանը: Այսպես, Թուրքիան շարունակում է լարված պահել հարաբերություններն Անկարայի և Երևանի միջև: Միևնույն ժամանակ, Իրանն էներգետիկ և առևտրային կապեր ունի Հայաստանի հետ, մյուս կողմից՝ լարված են հարաբերություններն Ադրբեջանի հետ, ուստի՝ վերջինս կարող է օգտվել պատերազմից՝ իր հարցերը լուծելու համար:
Մյուս կողմից՝ Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությունը կարող է ետ պահել Հայաստանին և Ադրբեջանին պատերազմից և իրական բանակցությունների մղել կոնֆլիկտի կողմերին: Անկարան և Մոսկվան տարբեր գերակայություններ ունեն Ղարաբաղում, սակայն նրանց շահերը համընկնում են Սև և Կասպից ծովերի, ինչպես նաև՝ Կովկասի հարցերում:
Վաշինգտոնն իր կողմից պետք է խրախուսի Ռուսաստան-Թուրքիա բանակցությունները՝ տարածաշրջանում պատերազմն ավարտելու համար: