Ճապոնական «Սերեսո Օսակայում» հանդես եկող հարձակվող Դիեգո Ֆորլանը հայտարարել է Ուրուգվայի հավաքականում ելույթներն ավարտելու մասին. տեղեկացնում է Globo Esporte-ը:
«Նման որոշման պատճառը տարիքս չէ, ֆիզիկապես ինձ լավ եմ զգում՝ ինչպես լավագույն տարիներիս: Պարզապես որոշեցի, որ կանգ առնելու ժամանակն է: Այն ամենը, ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ: Բացի այդ, Ուրուգվայը բազմաթիվ երիտասարդ խաղացողներ ունի, ովքեր կարող են իրենց հնարավորությունները ցուցադրել Ամերիկայի գավաթի խաղարկությունում, Աշխարհի առաջնության ընտրական փուլում»,- նշել է 35-ամյա հարձակվողը:
Ֆորլանն ազգային հավաքականում կարիերան սկսել է 2002թ.: Մասնակցել է Աշխարհի երեք առաջնության: 2010թ-ին ճանաչվել է Աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Հաղթել է նաև Ամերիկայի գավաթի խաղարկությունում: Ազգային ընտրանու կազմում անցկացրած 112 խաղում դարձել է 36 գոլի հեղինակ: