Հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը հայտարարեց կարիերան ավարտելու մասին: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Ամոյանը:
«Շատ դժվար էր նման որոշում կայացնելը և պրոֆեսիոնալ սպորտը թողնելը: Յուրաքանչյուր մարզիկի կյանքում գալիս է այն պահը, որ պետք է թողնի մեծ սպորտը: Իմ մոտ եկավ այդ պահը: Լինում է ժամանակ, երբ օրգանիզմդ չի ենթարկվում քեզ: Միշտ հաղթանակով եմ վերադարձել, բայց հիմա հասկանում եմ, որ այդ հաղթանակներին հասնելն արդեն դժվար է և որոշեցի ճիշտ ժամանակին թողնել մեծ սպորտը: Որոշումս ընդունելը ընտանիքիս անդամների և մարզիչներիս համար շատ դժվար էր»:
Անդրադառնալով առաջիկա ծրագրերին, Ամոյանը նշեց.
«Հիմա ավելի շատ ժամանակս ուզում եմ տրամադրել ընտանիքիս, երեխաներիս: Հետագա քայլերս դեռ չեմ որոշել, բայց վստահեցնում եմ՝ փոփոխության դեպքում կտեղեկացնեմ: Ամբողջ կյանքս նվիրել եմ այս սպորտին: Դժվար թե հեռու լինեմ սպորտից: Եղբորս տղան պատանիների չեմպիոն է: Ամոյան ազգանունն այս սպորտաձևում միշտ լինելու է: Իմ խորհուրդներով փորձում եմ օգտակար լինել: Մարզչական գործում դեռ ինձ չեմ տեսնում: Մարզիչ լինելու առաջարկ չեմ ստացել: Որ ստանամ էլ՝ դեռ չեմ որոշել, որ պետք է զբաղվեմ մարզչական գործով: Օգնելու հարցում պատրաստ եմ, բայց ինձ դեռ որպես մարզիչ չեմ տեսնում: Հարկ լինելու դեպքում՝ մեր երիտասարդ սերնդին պատրաստ եմ իմ հնարավորության սահաններում օգնել»:
Մարզիկը շնորհակալություն հայտնեց իր թիմակիցներին, մարզիչներին.
«Շնորհակալ եմ մարզիչներից՝ ընկեր Հարութից, ընկեր Համլետից: Նրանց շնորհիվ ես դարձել եմ Ռոման Ամոյան: Լևոն Ջուլֆալակյանից, Սամվել Գևորգյանից, բոլոր այն մարզիչներից, ովքեր ինձ հետ աշխատել են և լումա են ունեցել հաղթանակիս մեջ, շնորհակալ եմ մարզական ընկերներիս և ղեկավարությանը: Շնորհակալ եմ նաև ձեզանից՝ սիրելի լրագորղներ:
Ռոման Ամոյանը 2008-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, քառակի փոխչեմպիոն: