Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման մասին խոսվում է տարիներ շարունակ, թեև մինչ օրս ոլորտում չեն կատարվել խոշոր ներդրումներ և սահմանված չէ էլեկտրաէներգիայի սակագինը: Այն, որ նավթի և գազի ռեսուրսներ չունեցող երկրի համար այլընտրանքային էներգետիկան չափազանց կարևոր է, գաղտնիք չէ, և խնդրի արդիականությունը հաշվի առնելով' արդեն իսկ փորձ է կատարվում ստեղծել առաջին արևային էլեկտրակայանները: Այլընտրանք ային էներգետիկայի զարգացման հեռանկարների և արևային էլեկտրակայանների կառուցման հնարավորությունների մասին «Արմենպրես»-ը զրուցեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի հետ:


-Պարո՛ն Հարությունյան, հաճախ է խոսվում այն մասին, որ մենք ունենք նախանձելի պայմաններ' արևային էներգետիկայի զարգացման համար: Ի՞նչ ի արդյունքում է ձևավորվել այս պնդումը:

 

- Տարիների ընթացքում կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 2 անգամ ավելի շատ «արև» կա, քան օրինակ եվրոպական երկրների միջին ցուցանիշը: Մեզ մոտ արևային օրերի քանակը տարեկան հասնում է 300-ի, իսկ արևային ժամերը' 3000-ի: Այս բոլոր տվյալներն ամփոփված են արևային քարտեզներում և ապացուցում են, որ մենք ունենք լավ ռեսուրս' էներգետիկայի այս ոլորտը զարգացնելու համար: Միակ խոչընդոտը, որի պատճառով մինչ այսօր չենք կարողացել կառուցել արևային կայաններն, այն է, որ սարքավորումների ձեռքբերման համար կապի տալ ներդրումներ էին հարկավոր: Սակայն ներկայում արևային տեխնոլոգիաները զգալիորեն էժանացել են, և տնտեսապես շահավետ է դարձել արևային կայանների կառուցումը:


- Որքանո՞վ է մատչելի նման տեխնոլոգիաների ձեռքբերումը: Հիմա մենք կարո՞ղ ենք մեզ թույլ տալ ունենալու արևային էլեկտրակայաններ:

 

- 2010 թվականի համեմատ արևային ֆոտովոլտայիկ տեխնոլոգիաների արժեքը նվազել է 80 տոկոսով: Դա հիմնականում Գերմանիայի իրականացրած ծրագրերի արդյունքն է, քանի որ այն մասշտաբայնորեն սկսեց կիրառել արևային տեխնոլոգիաները, իսկ Չինաստանն էլ զարկ տվեց արդյունաբերությանը: Արդյունքում հիմա կան շատ որակյալ ֆոտովոլտայիկ տեխնոլոգիաներ, որոնք կարող են մրցակցել ավանդական էլեկտրակայանների արտադրության հետ: Մենք արդեն Կլիմայի ներդրումային հիմնադրամից գումարներ ենք ներգրավել' արևային էներգետիկայի զարգացման համար: Այդ գումարները մատչելի վարկերի տես քով կտրամադրվեն ապագա ներդրողներին, որպեսզի հնարավոր լինի նվազեցնել սահմանվելիք սակագինը: Ծրագրում կա նաև գրանտային մաս, որն այս տարի օգտագործվելու է արևային քարտեզով նախանշված վայրերում մանրամասն հետազոտությունների և ներդրումային ծրագրերը պատրաստելու համար:


-Ի՞նչ նպատակ են հետապնդելու այդ հետազոտությունները:

 

- Մեր արևային քարտեզով նախանշել ենք 6 ամենաբարձր ներուժով վայրերը, սակայն հատուկ սարքավորումների միջոցով հարկավոր է ավելի հստակ չափել այդ վայրերի առևային ռեսուրսը, որպեսզի հասկանանք' ինչ կայաններ է հնարավոր կառուցել: Երբ արդեն ունենանք հաշվարկները, կմշակենք ներդրումային ծրագրերը և կկարողնանք հայտարարել միջազգային մրցույթ և ներդրողներ բերել: Ովքեր առաջարկեն լավագույն սակագները, այսինքն' ցածր, նրանք էլ կառուցապատման իրավունք կստանան: Ակնկալում ենք, որ այս մեխանիզմը հետագայում մասշտաբային էֆֆեկտ կստանա: Չենք ուզում այս վեց ծրագրե րն ավարտել և սահմանափակվել դրանով:


-Նշեցիք, որ ընտրելու եք նվազագույն սակագին առաջարկող ներդրողին: Իսկ ի՞նչ սկզբունքով է որոշվելու սակագինը:

 

- Սակագինը, որ որոշվելու է, չպետք է ինչ-որ կերպ բացասական ազդեցություն ունենա էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագնի վրա: Մեր նախարարության առաջնային նպատակն է մատչելի էներգիայի մատակարարումը քաղաքացուն:


-Ի՞նչ ժամկետներ եք նախանշել այս գործողությունների իրականացման համար:

 

-Այս տարվա վերջին կունենաք ներդրումային ծրագրերը և հույս ունենք, որ եթե ֆորսմաժորային խնդիրներ չառաջանան, 2016-2017 թթ. արդեն կունենանք առաջին արևային կայանը: Նպատակ ենք դրել կառուցելու առնվազն 30 մեգաՎատտ հզորության կայան։ Սակայն վերջնական ծավալն ու գինը կպարզվի մրցույթի արդյունքում:


-Երբ մի քանի տարի առաջ հարմար ներդրումային միջավայր ստեղծվեց ՀԷԿ-երի կառուցման համար, երկրում «բում» առաջացավ ներդրումային ծրագրերի բազմազանությունից: Նման արդյունքի եք ցանկանո՞ւմ հասնել նաև արևային էլեկտրակայանների կառուցման ժամանակ:

 

-Փոքր ՀէԿ-երի կառուցումը եծ թափ ստացավ, քանի որ այն ձեռնտու տարբերակ էր մեր էներգահամակարգի համար: Փոքր ՀԷԿ-երից ստացված էլեկտրաէներգիայի արժեքը մատչելի է միջին կշռույթային արժեքից, այսինքն' արդեն վերջնական սպառողական սակագնի գնագոյացման վրա ունեն դրական ազդեցություն։ Իսկ արևային էներգետիկայի զարգացումը մեզ համար առաջնահերթություն է, քանի որ այն կանխատեսելի է դարձնում էներգետիկ ոլորտը: Այստեղ պայմանագրերը կնքվելու են 20 տարով և ֆիքսված սակագնով: Այդ ողջ ընթացքում մենք ունենալու ենք կայունություն, որը հնարավոր չէ կանխատեսել oրինակ ջերմային կայանների պարագայում, քանի որ այդտեղից ստացվող էլետրաէներգիայի սակագինը կախված է գազի գնից: Կարծում եմ' այն «բումը», որ ունեցանք փոքր ՀԷԿ-երի դեպքում, տարիներ անց ոչինչ են թվալու «արևային բումի» դիմաց:

 

Մեր նպատակն է այնպիսի պայմաններ ստեղծել, որ ամեն տան կտուր դառնա փոքր միկրոկայան, որ յուրաքանչյուր մարդ հասկանա այս ամենի կարևորությունը և նոր տուն կատուցելիս նախատեսի նաև փոքր արևային տաքացուցչի կամ ֆոտովոլտայիկ մարտկոցի տեղադրումը: Վերջիվերջո ուզում ենք հասնել նրան, որ բոլորը հասկանան' էներգետիկան ոչ միայն լարման գծերն ու ատոմակայանն է, այլ բոլորի տանը տեղադրված միկրոկայանները և որ բոլորս մասնակիցն ենք այս մեծ համակարգի:

 

 

Հարցազրույցը' Գոհար Ավետիսյանի