Չեխիայում «Ցեղասպանության հանցագործություն. իրավական և քաղաքական ասպեկտները» խորագրով գիտաժողովի ժամանակ Էդուարդ Շարմազանովի ելույթին ներկա թուրքական պատվիրակության արձագանքը չի անցել պարկեշտության սահմանները:

 

 

Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով եղել է Չեխիա մեկնած պատգամավորական պատվիրակության կազմում: «Գիտաժողովի ներկա էր նաև Չեխիայում Թուրքիայի դեսպանը, և մենք որոշել էինք, որ Էդուարդ Շարմազանովի ելույթից հետո դուրս կգանք դահլիճից, որպեսզի գիտաժողովը չվերածվեր քաղաքական քննարկման:

 

 

Մենք ելույթից հետո անմիջապես դուրս եկանք, սակայն հետո տեղեկացել ենք, որ գիտաժողովի ամբողջ ընթացքում թուրքական կողմը փորձել է ձայն վերցնել և ելույթ ունենալ, սակայն, գիտակցելով, որ դա հնարավոր չէ, վերջում որոշակի նշումներ և իրենց տեսակետներն են փոխանցել, որն ավելի շատ եղել է պարկ եշտության սահմաններում: Շեշտադրումը եղել է այն, որ գիտական լրացուցիչ հիմնավորումների անհրաժեշտություն կա»,- նշեց Մինասյանը՝ ընդգծելով, որ իրենք կարողացան հասնել իրենց հիմնական նպատակին, որպեսզի գիտաժողովի աշխատանքները չտապալվեն:

 

 

Նա ընդգծեց, որ Կարլի համալսարանում անցկացված գիտաժողովի ընթացքում Էդուարդ Շարմազանովի ելույթում շեշտադրումները եղել են Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպան գործողությունների մասին: «Նաև բերվել են փաստեր, որոնք վկայում են, որ Թուրքիան էլ ժամանակին դատապարտել է այդ ամենը»,- ընդգծեց պատգամավորը:

 

 

Նա վստահություն հայտնեց, որ եթե այդ շեշտադրումները պահպանվեն, թուրքական կողմը և միջազգային հանրությունը շատ ավելի շուտ կկարողանան ընկալել հայ ժողովրդի ցավը և ցանկությունը:

 

 

«Չեխ պաշտոնյաներից մեկի հանդիպման ժամանակ, երբ ասվեց, որ հայերը լավ լոբբինգ են անում աշխարհով մեկ, և բնական է, որ աշխարհի շատ երկրներ պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, մեզ հարցրեցին, թե ինչպե՞ս է Հայաստանի մոտ ստացվում դա, մենք պատասխանեցինք, որ չկա աշխարհում մեկ այլ երկիր, որ միայն ազգի 30 տոկոսն ապրի իր երկրում, ինչը ցեղասպանության ուղղակի հետևանք է: Իսկ երկրորդ պատճառը նշել ենք այն, որ հայկական լոբբինգը հիմնված է արդար պահանջի վրա: Եթե արդար չլիներ պահանջը, մեր լոբբիստական աշխատանքը հաջողության չէր հասնի, միջազգային հանրությունը չէր պաշտպանի հայոց դատը»,- եզրափակեց Մինասյանը:

 

 

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 10-ին մասնակցել է Պրահայի Կարլի համալսարանում անցկացված «Ցեղասպանության հանցագործություն. իրավական և քաղաքական ասպեկտները» խորագրով գիտաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթ-դասախոսությամբ: Դասախոսությանը՝ ի թիվս պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների, ներկա է եղել նաև Չեխիայում Թուրքիայի Հանրապետության դեսպան Ահմեթ Նեչատի Բիգալին՝ դեսպանության աշխատակիցների ուղեկցությամբ: