Այսօր՝ մարտի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Ոստիկանության Մեծամորի բաժին ահազանգ է ստացվել «Արմավիր» բժշկական կենտրոնից, որ «կրծքավանդակի հետին մակերեսի աջից կտրած-ծակած թափանցող վերք՝ թոքի վնասումով, ենթամաշկային Էմֆիզեմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, արզվել է, որ այդ քաղաքացին հանդիսանում է Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի 11 շենքի բնակիչ, 28-ամյա Արգամ Ավետիսյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել Մեծամոր քաղաքում գտնվող «Հայկ» հանդիսությունների սրահի մոտից:
Ոստիկանները հիվանդանոցից մեկնել են նշված հանդիսությունների սրահ, որտեղ ժամանել է նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Սամվել Ավդոյանը: Կարճ ժամանակում Մեծամորի ոստիկաններն ու քննչական բաժնի քննիչները պարզել են, որ Ա. Ավետիսյանին պտուտակահանով («ատվյորկա») մարմնական վնասվածքներ է պատճառել Արմավիր քաղաքի Նալբանդյան փողոցի բնակիչ, 45-ամյա Հրաչյա Գեւորգյանը:
Ոստիկանններն ու քննիչները որոշ ժամանակ անց համատեղ ձեռնարկելով օպերատիվ գործողություններ՝ հայտնաբերել են Հ. Գեւորգյանին եւ տեղափոխել Ոստիկանության Մեծամորի բաժին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Հ. Գեւորգյանը ունի բազմաթիվ վնասվածքներ ու պարզվել է, որ նրան վնասվածքներ է պատճառել Ա. Ավետիսյանի եղբայրը՝ Արշավիրը, ում Արմավիրում ավելի շատ դիմում են «Արշակ»-ով, եւ «Հայկ» հանդիսությունների սրահում կնունքի ժամանակ կենցաղային հարցերի շուրջ ծագել է վիճաբանություն՝ Հրաչյայի եւ Արշավիրի միջեւ, որի ժամանակ Արշավիրը ծեծի է ենթարկել Հրաչյային, նա էլ իր վարած Wolkcwagen մակնիշի ավտոմեքենայի միջից հանել է «ատվյորկան» եւ հարվածներ է հասցրել Արշավիրի եղբորը՝ կնունքի քավորին:
Մանրամասն՝ այստեղ