Գյումրիում ապրիլի 10-23-ը կկայանա երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային VII մրցույթ-փառատոնը: Այս անգամ այն նվիրված է Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին եւ Հայրենական Մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70-ամյակին:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց փառատոնի մամուլի պատասխանատու Աննման Մինասյանը, միայն մասնակիցների թիվը եւ երկրների աշխարհագրությունը վկայում է այն մասին, որ «Վերածնունդ» մրցույթ-փառատոնը դարձել է Հայաստանի Հանրապետության մանկական եւ երիտասարդական երաժշտական արվեստի խոշորագույն միջազգային տոնահանդեսը, որին կմասնակցեն շուրջ 2700 կատարողներ աշխարհի 33 երկրներից:

 

 

Մրցույթ-փառատոնի հիմնական նպատակն է նպաստել տարբեր ազգերի եւ ժողովուրդների մշակույթների մերձեցմանը, մշակույթի միջոցով ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը, մշակութային կյանքի զարգացմանը ՀՀ մարզերում: Մրցույթ-փառատոնի կազմակերպիչներն են Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, ԱՊՀ-ի Հումանիտար համագործակցության միջպետական միջազգային հիմնադրամը, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն ՀԿ-ն: Փառատոնի անցկացմանը կաջա կցեն ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Գյումրու քաղաքապետարանը:

 

 

Մրցութային ծրագրի ունկնդրումները կանցկացվեն ապրիլի 10-22-ը Գյումրու մշակութային եւ ուսումնական հաստատություններում' 14 անվանակարգերով (դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, ակադեմիական երգեցողություն, կամերային անսամբլ, ազգային երգեցողություն, ժողովրդական գործիքներ, էստրադային երգեցողություն եւ էստրադային նվագախմբի գործիքներ, երգչախումբ, կոմպոզիցիա, երաժշտական թատրոն): Մասնակիցները հանդես կգան հինգ տարիքային խմբերով: Մասնագիտական հանձնաժողովների կազմում ընդգրկված կլինեն արվեստի ճանաչված 70 գործիչներ' աշխարհի տարբեր երկրներից:

 

 

Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա ապրիլի 14-ին: Փառատոնի օրերին հայտնի երաժիշտների կողմից Գյումրիում, Երեւանում եւ Ստեփանակերտում կանցկացվեն վարպետության դասեր եւ համերգներ: Փառատոնի շրջանակներում տեղի կունենա ԱՊՀ երկրների առաջավոր երաժշտական բուհերի ղեկավարների կլոր սեղան, որի ընթացքում կարծարծվեն գիտամանկավարժական մի շարք խնդիրներ« կկատարվի առաջավոր փորձի փոխանակում, ձեռք կբերվեն պայմանավորվածություններ հետագա համագործակցության համար, կկնքվեն երկկողմ պայմանագրեր:

 

 

Փառատոնի շրջանակներում կանցկացվի նաև «Մշակույթների երկխոսություն» միջազգային 9-րդ գիտաժողովը« որին կմասնակցեն շուրջ ինը տասնյակ գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից: Մրցույթ-փառատոնի փակումը եւ մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 23-ին:

 

 

Արմենուհի Մխոյան