Ռումինիայի տարածքով մեկ շարունակվում են Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումները: Բակաու քաղաքում միջոցառումներն սկսվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողովով, Կլուժ-Նապոկայի Բաբեշ-Բոյայ համալսարանի Հայագիտության ինստիտուտի գիտաշխատողների եւ պատմաբանների մասնակցությամբ:
Ապրիլի 21-ին Մանկավարժական կենտրոնում ցեղասպանության թեմայով բաց դասախոսություն է վարել պրոֆեսոր Դումիտրու Ֆիկուցան/Dumitru Ficuță, Ռումինիայի գրողների միության անդամ Միրչեա Բոստանը հատվածներ է ընթերցել հայ դասականների գործերից եւ Վարուժան Ոսկանյանի Շշուկների մատյանից, որին հետեւել է ռեժիսոր Ֆլորին Գեւորգյանի եւ Իզաբելա Բոստանի The Armenian Genocide եւ Recunoaște 1915 ֆիլմերի ցուցադրությունները:
Ապրիլի 23-ին միջոցառումների շարքը շարունակվել է Ցավի գույները/The Colors of Pain խորագրով գրաֆիկական նկարների ցուցահանդեսի բացմամբ: Բակաուի եւ Պիատրա Նեամց քաղաքների դպրոցների 11-18 տարեկան սաները երկու ամիս շարունակ պատրաստել են Հայոց ցեղասպանությանը նվիրված թեմատիկ նկարներ: Պատանի նկարիչներն իրենց աշխատանքները նվիրել են Ռումինիայի Հայոց միության Բակաուի մասնաճյուղին: Ապրիլի 25-ին միջոցառումները եզրափակվել են Բակաուի Աթենեուլ դահլիճում Միհայ Ժորա ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով, որի ընթացքում հնչել են հատվածներ Արամ Խաչատրյանի Գայանե եւ Սպարտակ բալետներից, Ալեքսանդր Հարությունյանի Կոնցերտ շեփորի եւ նվագախմբի համար ստեղծագործությունը ջութակահարուհի Ալեքսանդրա Օնոֆրեյի կատարմամբ:
Համերգը եզրափակվել է Ռումինիայի հայոց միության Բակաուի մասնաճյուղի նախագահ Վասիլե Հակոբի, գրող Վարդան Առաքելյանի եւ Ռումինիայի Հայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանի ելույթներով: Դիլիջանի հետ եղբայրացած Ռոման քաղաքում ապրիլի 21-24-ին կազմակերպել էր Հայերի դեմ ցեղասպանության 100-ամյակին նվիրված ոգեկոչման շաբաթ, որին մասնակցություն են բերել տեղական իշխանությունները' Ռոմանի քաղաքապետ Լաուրենտիու Դան Լեորեանուն/Laurențiu Dan Leoreanu, տարբեր եկեղեցիների ներկայացուցիչներ, տեղի հունական, հրեական, ռուս-լիպովենական համայնքների առաջնո րդները:
Ռոմանի Ֆրանցիսկյան ինստիտւտի/Institutul Franciscan մեծ դահլիճում տեղի է ունեցել գիտաժողով նվիրված Հայոց ցեղասպանությանը: Սիմպոզիումի ընթացքում ելույթով հանդես են եկել քաղաքապետ Լաուրենտիու Լեորեանուն, գրող Վարդան Առաքելյանը, մարզային կրթական հաստատությունների ռեկտորներ եւ դասախոսներ: Միջոցառումները կազմակերպվել էին Հայոց ցեղասպանության 100-ամյակի տեղական հանձնաժողովի ծրագրի շրջանակներում, Բակաուի եւ Ռոմանի ՌՀՄ մասնաճյուղերի կողմից/նախագահներ Վասիլե Հակոբ եւ Էմանուել Նազարեթյան: