Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ռուսական ռազմական ավիաբազայի բանակային օդուժի օդաչուները վարժական թռիչքների են ձեռնամուխ եղել Ռուսաստանի Սամարայի մարզի Սիզրանի բարձրագույն զինվորական ավիացիոն ուսումնարանի բազայում: Դրանք մեկ ամիս շարունակ կանցկացվեն Մի-8 արդի փոխադրական եւ Մի-24 հարվածային ուղղաթիռներով:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, նախքան օդանավավարման վարժանքներն սկսելը օդաչուներն անցել են բուժզննություն, 15-ժամյա պատրաստություն վարժասարքերի, սիմուլյատորների վրա եւ ավելի քան 50 ժամ թռիչքներ են իրականացրել դաշտային պայմաններում: Անձնակազմերը վարժասարքերի վրա կատարելագործել են օդանավավարությունը ցերեկը եւ գիշերը, ցանկացած օդերեւութաբանական պայմաններում, ցանկացած բարձրութան վրա եւ թռիչքի ցանկացած արագությամբ:

 

 

Վարժանքների շրջանակներում նախատեսված Է ռմբանետման եւ կառավարվող եւ չկառավարվող ավիացիոն հրթիռներով կրակի վարման ունակությունների կատարելագործում՝ մինչեւ 6 կիլոմետր հեռվությամբ օդում առկախմամբ:

 

 

Ընթացիկ տարվա մարտի վերջին «Էրեբունիի» ռուսական ավիաբազայի բանակային օդուժի օդաչուները Սիզրանի լեռներում վարժական թռիչքների ձեռնամուխ կլինեն գիշերային ժամերին՝ գիշերային տեսունակության ակնոցների օգտագործմամբ: