Եվրամիության հետ համագործակցությունը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Այս մասին ԵՄ-Հայաստան խորհրդարանաակն համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ Տաճատ Վարդապետյանը:

 

 

«Հայաստանն ու Եվրոպական Միությունը մի շարք համաձայնագրեր են ստորագրել և համագործակցում են տարբեր ծրագրերի շրջանակներում, որոնք նպաստում են նաև Հայաստանի տնտեսական զարգացմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Վարդապետյանը:

 

 

Պատգամավորի գնահատմամբ՝ Հայաստանի ու Եվրամիության հարաբերությունները գնալով խորանում են՝ համագործակցությունից վերածվելով տնտեսական ինտեգրման, ինչպես նաև առավել սերտ քաղաքական համագործակցության: «Հայաստանը շարունակում է ողջամիտ մակրոտնտեսական քաղաքականություն վարել և իրականացնել կառուցվածքային բարեփոխումներ՝օգտվելով կայուն զարգացման մեխանիզմներից, որոնք առաջարկում է Եվրոպական Միությունը: Խոսքը GSP+ համակարգի մասին է, որից օգտվում է Հայաստանը»,- ընդգծեց Վարդապետյանը:

 

 

Նա շեշտեց, որ Եվրամիությունը շարունակում է մնալ Հայաստանի կարևորագույն առևտրային գործընկերը, որին բաժին է ընկնում երկրի առևտրի ընդհանուր ծավալի 34 տոկոսը: Նա կարևորեց դեպի եվրոպական շուկա արտահանվող հայկական ապրանքները մրցունակ դարձնելու ուղղությամբ իրականացվող քայլերը՝ ընդգծելով, որ նման քայլերը հարկավոր է ավելի ակտիվացնել:

 

 

Տաճատ Վարդապետյանը կարևորում է այն հանգամանքը, որ Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, կարող է լրացուցիչ գրավչություն ստանալ եվրոպացի ներդրողների համար՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանը մաս է կազմում այդ չափազանց մեծ շուկայի:

 

 

Եզրափակելով խոսքը՝ Վարդապետյանը նկատեց, որ Հայաստանի և Եվրամիության համագործակցությունն առաջին հերթին խարսխված է ընդհանուր արժեքային համակարգի վրա: