Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը գտնում է, որ Եվրամիության դռները Հայաստանի առջև փակված չեն, և հարկավոր է շարունակել համագործակցությունը: Ազգային ժողովում Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հայաստանյան պատվիրակության անդամների՝ փետրվարի 11-ն կայացած ասուլիսի ընթացքում Էդմոն Մարուքյանը նշեց, որ ԵՄ պաշտոնյաները նշել են, որ ԵՄ դռները Հայաստանի համար փակ չեն:
«Բանակցությունների ընթացքում մշակված փաստաթղթերը վերջնական տարբերակով պատրաստ են, և Հայաստանը կարող է դրանք ստորագրել: Այս դուռը փակված չէ, և մենք պետք է քայլեր ձեռնարկենք Եվրոպական Միության հետ հարաբերությունները խորացնելու համար բոլոր այն ուղղություններով, որոնք չեն հակադրվում Մաքսային միությանը»,- նշեց պատգամավորը' ափսոսանք հայտնելով, որ Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 14-րդ նիստում կողմերը չեն կարողացել համատեղ փաստ աթուղթ ընդունել:
Մարուքյանը նշեց, որ մինչև այս պահը եվրոպացիների համար պարզ չէ, թե ինչ ուղղություններով Հայաստանը և ԵՄ-ն կարող են շարունակել համագործակցությունը: Նրա խոսքով՝ այս առումով բավական աշխատանք կա իրականացնելու, որպեսզի եվրոպացիների համար պարզ դառնա, թե Մաքսային միությանն անդամակցելով, Հայաստանը ինչ ուղղություններով հնարավորություն կունենա համագործակցել ԵՄ-ի հետ:
Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 14-րդ նիստը տեղի է ունեցել փետրվարի 5-6-ն, Ստրասբուրգում: Նիստի ընթացքում կողմերին չի հաջողվել համատեղ փաստաթուղթ ընդունել, քանի որ տարաձանություններ են եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ներկայացված առաջարկներում: Հայկական պատվիրակության կողմից ներկայացված առաջարկում նշվել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ և տևական կարգավորմանը այլընտրանք չի կարող լինել՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, մասնավորապես, այն սկզբունքների, որոնք վերաբերում են ուժի սպառնալիքի չկիրառմանը և դրա կիրառման բացառմանը, պետությունների տարածքային ամբողջականությանը և ժողովուրդների իրավահավասարությանն ու ինքնորոշմանը:
Եվրախորհրդարանականների կողմից ներկայացված առաջարկում նշվել է, որ Լեռնային Ղարաբաղի ձգձգված հակամարտության խաղաղ և տևական կարգավորմանը չի կարող այլընտրանք լինել, և կողմերը ափսոսանք են հայտնում բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության, ինչպես նաև հրադադարի ռեժիմի խախտման բոլոր դեպքերի կապակցությամբ: Եվրախորհրդարանականների կողմից ներկայացված առաջարկում բացակայել են ուժի սպառնալիքի չկիրառմանը և դրա կիրառման բացառմանը, պետությունների տարածքային ամբողջականությանը և ժողովուրդների իրավահավասարությանն ու ինքնորոշմանը վերաբերող դրույթները: