Գիշերը հայ-ադրբեջանական եւ արցախա-ադրբեջանական սահմանին համեմատաբար հանգիստ է եղել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ նախորդ շաբաթվա համեմատությամբ կրակոցների թիվը նվազել է, լարվածության աստիճանը' նույնպես: «Կարելի է ասել, որ լարվածությունը նվազել է, կրակում են, բայց ոչ այն ուժգնությամբ եւ քանակությամբ, ինչպես նախորդ շաբաթ»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը' հավելելով, որ հակառակորդի «լռությունը» պայմանավորված է հայկական զինված ուժերի պատասխանով եւ այն գործողություններով, որոնք նրանք կատարում են սահմանին անվտանգությունը պահպանելու համար:
Անդրադառնալով շարքային զինծառայողԱնդրանիկ Գրիգորյանի' հակառակորդի կողմն անցնելու փաստին, Հովհաննիսյանն ասաց, որ դեպքի մանրամասները քննվում են, իսկ ՊՆ Քննչական ծառայությունն արդեն գործ է հարուցել սահմանը անօրինական կերպով հատելու առնչությամբ:
ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը: