Ռուսաստանի Դաշնությունը նորամուծությունների ոլոտում ավելի մեծ փորձ ունի, քանի որ սկսել է աշխատել այս ուղղությամբ հինգ տարի ավելի շուտ:

 

Մարտի 23-ին նման համոզմունք արտահայտեց Սկոլկովոյի բաց համալսարանի գործադիր տնօրենի տեղակալ Եկատերինա Մորոզովան: «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում անցկացվեց հանդիպում, որի ընթացքում Մորոզովան ներկայացրեց ՌԴ ինովացիոն համակարգը, «Սկոլկովո» ինովացիոն կենտրոնի գործունեությունը, նորամուծությունների առևտրայնացման փորձն ու երիտասարդ գիտնականների հետ տարվող աշխատանքը ինովացիոն գործունեության ոլորտում:

 

Եկատերինա Մորոզովան հանդիպման մեկնարկին նշեց, որ «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գևորգ Վարդանյանի հետ նախորդ տարի են ծանոթացել և կարևորում են աշխատանքը գործընկերների հետ:

 

«Ինովացիայի և տեխնոլոգիաների ոլորտում սկսել ենք ավելի վաղ աշխատել, քան ԱՊՀ երկրները: ՌԴ-ն հինգ տարի ավելի շուտ է սկսել, և սխալներից խուսափելու համար մենք մեր փորձն ենք հաղորդում: Նորամուծությունների ներդրումը կարևոր է յուրաքանչյուր պետության համար՝ զարգացման առումով: Մենք այս ոլորտում հաջողության հասնելու համար ռուսական բուհերում սկսեցինք փոփոխություններ իրականացնել: Կարևորվեց, որ բուհերի մագիստրոսական ծրագրում «Ձեռներեցության հիմունքները» դասընթաց լինի: Սկսեցինք բուհերից, հետո ռեֆորմի ենթարկեցինք գիտությունների ակադեմիան, որպեսզի այն ազգային տնտեսության համար շատ բան տա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Սկոլկովոյի բաց համալսարանի գործադիր տնօրենի տեղակալը:

 

Նրա խոսքով՝ իրենց կրթօջախը համագործակցում է մի շարք համալսարանների հետ, իսկ գործընկերներ ունենալը կարևոր է, քանի որ իրենց բոլոր միջոցառումներն անցկացվում են գործընկերների աջակցությամբ:

 

«Ամեն տարի Մոսկվայում մենք անցկացնում ենք Երիտասարդ գիտնականների ամառային դպրոց, այս տարի մեր դպրոցին կմասնակցեն նաև ԱՊՀ-ի երկրներից: Այն կանցկացվի հունիսի 28-ից մինչև հուլիսի 3-ը: Մասնակցելու հնարավորություն կստանան 25-37 տարեկան մարդիկ, ովքեր գիտական աստիճան ունեն: Այս տարի դպրոցը կանցկացվի ռուսերեն: 2016 թվականին էլ դպրոցը անգլերեն կլինի, քանի որ կմասնակցեն նաև BRICS -ի երկրները (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն)»,- նշեց նա:

 

Սեմինար-քննարկումը հասցեագրված էր նորարարներին, երիտասարդ գիտնականներին, գիտահետազոտական կազմակերպություններին, նորամուծություն իրականացնող ընկերություններին, ոլորտի զարգացմամբ զբաղվող պետական և հասարակական կառույցներին:

 

Միջոցառումը կազմակերպել էր Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը՝ Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի աջակցությամբ իրականացվող «Երիտասարդ նորարարների դպրոց» ծրագրի շրջանակում: