Արարատի մարզում միայն մարտի 22-ին ողջ օրը առատ տեղումներ եղան' 20,7 մմ: Նախորդ մի քանի օրերի տեղումները միասին կազմեցին 40 մմ:

 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արարատի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանն ասաց, որ սա բարենպաստ կանդրադառնա բույսերի աճի եւ զարգացման վրա: Բացի դա, այդ ամենը նպաստում է ջրամբարներում ջրի ծավալի ավելացմանը: Այս պահի դրությամբ «Ազատ» ջրամբարում հավաքված ջրի քանակը 30 մլն 850 հազար խ/մ է: «Մենք մտավախություն ունեինք, որ առանց տեղումների ձմեռը ոռոգման ասպարեզում խնդիրներ կառաջացնի, սակայն տեղումնառատ մարտը եկավ լրացնելու այդ բացը»,-նկատեց նա:

 

Անդրադառնալով ջերմաստիճանի անկման հետեւանքով մարզում ծաղկած պտղատու այգիների վիճակին' վարչության պետն ասաց, որ այս պահի դրությամբ չի վնասվել ոչ մի ծաղկած ծառ: «Քանի որ մարզում ծիրանենիների, սալորենիների եւ հաղարջենիների ծաղկման բուռն շրջանն է, իսկ դեղձենիների ծաղիկները հատուկենտ են բացված' վնասման վտանգ մի քիչ կլինի, եթե ջերմաստիճանի նվազման միտումը շարունակվի»,- նկատեց նա:

 

Սկսված է նաեւ գարնանացանը մարզի նախալեռնային գոտիներում:

 

 

Լիլիթ Մաճկալյան