Ազգային ժողովը քննարկում է «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Մխիթար Գոշի մեդալով պարգեւատրվում են նաեւ օտարերկրյա այն քաղաքացիները, ովքեր նշանակալի ավանդ են ներդրել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ցեղասպանությունների դատապարտման եւ կանխարգելման, ինչպես նաեւ ժխտողականության դեմ պայքարի գործում:

 

Հիմնական զեկուցողը' ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ընդգծեց, որ այս նախաձեռնությունը ամբողջությամբ ներառում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում ՀՀ ԱԺ-ի կողմից իրականացվող միջոցառումների շարքը:

 

«Այն վերաբերում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման, կանխարգելման և ժխտողականության դեմ պայքարի նպատակով մեր բարեկամ պետությունների խորհրդարաններում, գիտական կազմակերպություններում, հոգեւոր աշխարհի բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից մարդու իրավունքների և ազատությունների համար պայքարող տարբեր անհատների եւ կազմակերպությունների նկատմամբ Հայաստանի համապատասխան վերաբերմունքը օրենքով սահմանված կարգով ամրագրելուն և Հայաստանի Հանրապետության անունից շքանշաններով և մեդալներով պարգևատրելուն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Զաքարյանը:

 

Պատգամավորը նկատեց, որ նախկինում էլ Հայաստանի Հանրապետության անունից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում իրենց ներդրումն ունեցած անձինք պարգևատրվել են, սակայն դա երբեք օրենքով ամրագրված չի եղել: Զաքարյանը նաև նշեց, որ նախագիծը շատ պարզ եւ հասկանալի տրամաբանություն ունի, որի նպատակն է Մխիթար Գոշ մեդալով պարգևատրվողների ցանկում ավելացնել այն անձանց, ովքեր իրենց ավանդն են ներդրել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ցեղասպանությունների կանխարգելման եւ ժխտողականության դեմ պայքարում: Օրենքի նախագծի նպատակն է նաև Երախտագիտության մեդալով պարգևատրվողների ցանկում ավելացնել այն անձանց, ովքեր Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ակնառու ծառայություն են մատուցել: Զաքարյանը նշեց, որ սա արդեն այն անձանց համար է, ովքեր Հայ դատի պայքարին աջակցում են ոչ թե իրավական, այլ բարոյական և քաղաքական առումով: