Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավոր, Հայ-բրիտանական միջխորհրդարանական միության բրիտանական խմբի նախագահ Ջոն Ուիթինգդեյլը Հայոց ցեղասպանության հիշատակի օրը' ապրիլի 24-ին, կլինի Երևանում: Այս մասին բրիտանացի պատգամավորը նշեց «Արմենպրես»-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ: «Ցավոք սրտի, Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման ժամանակաշրջանը համընկել է Բրիտանիայի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ընթացքի հետ: Ընտրությունները տեղի են ունենալու ապրիլի 24-ից երկու շաբաթ անց: Ուստի դա դժվարացնում է բրիտանացի խորհրդարանականների այցը: Սակայն ես այցելելու եմ Երևանում կայանալիք արարողությանը»,- հայտնեց նա:

 

Պատգամավորը դժվարացավ նշել, թե իրենից բացի արդյո՞ք այլ պաշտանյաներ ևս կայցելեն Հայաստան, թե ոչ. «Համոզված եմ' Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանն անպայման ներկա կլինի արարողությաը, սակայն կարծում եմ, որ ես կլինեմ Միացյալ Թագավորությունից ժամանած հիմնական ներկայացուցիչը»:

 

Իսկ մեր դիտարկմանը, որ Մեծ Բրիտանիան դեռևս պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանության իրողությունը' Ուիթինգդեյլը պատասխանեց. «Ինչպես մյուս երկրները, Բրիտանիան անկասկած ճանաչել է փաստը, որ Օսմանյան կայսրությունում ապրող հայերի կոտորածներ են տեղի ունեցել: Դուք ճիշտ եք, որ դեռ պաշտոնական ճանաչում չի եղել: Ներկայումս մենք ցանկանում ենք բարելավել հայ-թուրքական հարբերությունները: Իմ կարծիքով' դա անելու համար կարևոր է, որ մարդիկ ճանաչեն և ոգեկոչեն տեղի ունեցածը: Անկախ նրանից' դա պաշտոնական ձևակերպում կստանա կառավարության կողմից, թե ոչ: Անգամ պաշտոնական ճանաչման բացակայության դեպքում ակներև է, որ այդ երկրի կառավարությունը ընդունում է, որ տարիներ տևած պատերազմը և կոտորածները հանգեցրել են 1.5 մլն հայերի սպանության»:

 

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայբնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավելի հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ., իսկ մնացածները' կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել են աշխարհի երկու տասնյակ պետություններ, ԱՄՆ 43 նահանգներ, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, հեղինակավոր այլ կազմակերպություններ: