Աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկը' Չինաստանը, տարեցտարի ամրապնդում է Հայաստանի հետ տնտեսական, առևտրային և քաղաքական կապերը: Չինաստանի հետ առևտրաշրջանառությունը զբաղեցնում է Հայաստանի արտաքին առևտրի շուրջ 10 տոկոսը, այնինչ, ընդամենը մեկ տարի առաջ այդ թիվը չէր գերազանցում 8 տոկոսը: Մեկ տարվա ընթացքում Հայաստանը 2.5 անգամ ավելացրել են արտահանման ծավալները Չինաստան, իսկ այդ երկրից ներմու ծումն ավելացել է 8.2 տոկոսով: Արտահանումը 2014 թվականին կազմել է 170 մլն 954.1 հազար դոլար' 2013թ. 68 մլն 838.2 հազար դոլարի փոխարեն, իսկ ներմուծումը' 417 մլն 503.3 հազար դոլար' 2013թ. 385 մլն 901.8 հազար դոլարի փոխարեն։

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' 1992թ.-ից դիվանագիտական կապերի հաստատած պետությունների առևտրաշրջանառությունն այսօր գերազանցում է 588 մլն դոլարը: Դա ոչ միայն գործարար կապերի, այլև պետական քաղաքականության արդյունք է: Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, և պատահական չէ, որ Ասիայի տարածաշրջանում իր առաջին դեսպանությունը Հայաստանը հիմնել է հենց Պեկինում:

 

Հայաստան-Չինաստան երկկողմ հարաբերությունները բավականին ակտիվ զարգացել են վերջին երկու տասնամյակների ընթացքում: Պեկինի ու Երևանի միջև ստորագրվել են մի շարք միջկառավարական համաձայնագրեր տնտեսական, առևտրային, մշակութային, զբոսաշրջության և այլ ոլորտներում: Նախորդ տարի «Արմենպրես»-ին տված հարազրույցում Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն ասել էր, որ երկու երկրներն ունեն համընկնող կամ միանման մոտեցումներ մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ: «Այս ամենը հիմք է տալ իս փաստելու, որ այսօր հայ-չինական քաղաքական հարաբերություններում որևէ անհամաձայնություն կամ տարաձայնություն գոյություն չունի: Այդ մասին բազմիցս հստակ հայտարարվել է ամենաբարձր մակարդակի երկկողմ հանդիպումների ժամանակ»,- ընդգծել էր նա:

 

Ամեն տարի Չինաստանի կառավարությունը Հայաստանին տրամադրում է մեծածավալ ֆինանսական օժանդակություն: Դրա շնորհիվ էր, որ օրինակ Երևանում հայտնվեցին չինական արտադրության քաղաքային ավտոբուսներ ու շտապօգնության մեքենաներ:

 

Հայ-չինական առևտրային կապերն ունեն պատմական արմատներ: Վկայություններ են պահպանվել այն մասին, որ դեռևս մեր թվարկությունից առաջ հայերը առևտուր անելու նպատակով ուղևորվում էին Չինաստան' այնտեղից բերելով չինական մետաքս ու ճենապակի, իսկ Հայաստանից տանում էին դեղաբույսեր, բնական ու հանքային ներկեր և իհարկե՝ որդան կարմիր:

 

Այդ հարաբերություններն իրենց ժամանակակից դրսևորումներն ունեն նաև այսօր: Հայաստանից Չինաստան արտահանման կառուցվածքում առաջատար դեր է խաղում հանքանյութի մատակարարումը, իսկ ներմուծվող հիմնական ապրանքատեսակների թվում են հագուստեղենն ու կոշկեղենը, մեքենաշինական և քիմիական արտադրանքը, սարքավորումներն ու շինանյութը, սննդամթերքը և այլ ապրանքներ:

 

Չինաստանն այսօր միջազգային քաղաքականության և տնտեսության մեջ իր հաստատուն տեղն ունեցող երկիր է: Փորձագետների գնահատականներով' իր տնտեսական պոտենցիալով մոտակա 20 տարում գերազանցելու է ԱՄՆ-ին, որին այժմ զիջում է և համարվում աշխարհի 2-րդ տնտեսությունը:

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 24-ին պետական այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի հետ: Այցի շրջանակներում նախատեսված են նաև ՀՀ Նախագահի հանդիպումները ՉԺՀ ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ճանգ Դըծյանի, ՉԺՀ պետական խորհրդի վարչապետ Լի Քեցյանի հետ: Նախագահ Սերժ Սարգսյանը կհյուրընկալվի Պեկինի համալսարանում, որտեղ հանդես կգա ելույթով: Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն պետական այցի տարջանակներում Սերժ Սարգսյանը մարտի 28-ին կմասնակցի ասիական հեղինակավոր Բոաոյի միջազգային համաժողովին: