Բրիտանական հեղինակավոր Financial Times-ը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի միջեւ առկա լարվածությունը գնալով ավելի է մեծանում, որն առաջացել է քրդական խնդրի լուծման հետ կապված' Էրդողանի կողմից կառավարությանը քննադատելուց հետո: Թերթը գրել է, որ Էրդողանի եւ Դավութօղլուի միջեւ լարվածությունը «ներքին վիճաբանության» է վերածվել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) մեջ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բրիտանական թերթի Թուրքիայի թղթակից Դենիել Դումբեյն այդ մասին հրապարակած հոդվածում մեջ է բերել թուրք լրագրող Ահմեթ Հաքանի հետեւյալ կարծիքը հարցի առնչությամբ.

 

«Թուրք մեկնաբանի խոսքով' Էրդողանի եւ Դավութօղլուի միջեւ իշխանության համար պայքար է գնում: Էրդողանն ամեն ինչի վրա «վերահսկողություն» է ցանկանում, իսկ Դավութօղլուն էլ հակադարձում է, որ վարչապետն ինքն է եւ ցանկանում է օգտագործել իր ուժը»:

 

Թերթը մեջբերել է նաեւ անունը հրապարակել չցանկացած ԱԶԿ-ի պաշտոնյայի հետեւյալ խոսքը. «Վարչապետի պաշտոնը ստանձնելիս Դավութօղլուն համոզված էր, որ իր գլխավոր գործը պետք է լինի երկրի համար նոր սահմանադրության եւ համակարգի ստեղծումը: Սակայն ներկայում վարչապետի եւ նախագահի միջեւ վստահության թելերը խախտվել են, եւ դրա հետևանքը կարող է դառնալ այն, որ Էրդողանը Դավութօղլուին թույլ չտա վերահսկել նոր խորհրդարանում ԱԶԿ-ի նախատեսած ցուցակը»:

 

Թերթը նշում է, որ Էրդողանի եւ Դավութօղլուի միջեւ լարվածությունն ավելի է խորացրել փոխվարչապետ Բյուլենթ Արինչի կողմից Էրդողանի հասցեին արած քննադատությունը վերջինս հայտարարության առիթով, թե «Թուրքիայում քրդական հարց գոյություն չունի», ինչը ցնցում էր առաջացրել ԱԶԿ-ում: Բ. Արինչը նկատել էր տվել, որ «նախագահը միջամտում է կառավարության գործերին», ինչը հակասում է Թուրքիայի գործող սահմանադրությամբ նախագահին վերագրված լիազորությունների շրջանակին:

 

Նշենք, որ Էրդողանը չի թաքցնում, որ իր նպատակը Թուրքիան խորհրդարանականից նախագահական համակարգի տանելն է, ինչն իրեն միանձնյա իշխանության հնարավորություն կընձեռի: