Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) արտակարգ համագումարում կուսակցության առաջնորդի պաշտոնում ընտրված երկրի արտաքին գործերի նախկին նախարար Ահմեթ Դավութօղլուն, ով միաժամանակ նշանակվել է Թուրքիայի վարչապետի պաշտոնակատար, ներկայում եւ ապագայում մշտապես կգտնվի Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստվերում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է անգլիական Financial Times թերթը:

 

Ըստ պարբերականի' Դավութօղլուն ցանկանում է Թուրքիան դարձնել Մերձավոր Արեւելքում առաջնորդ երկիր, այն վերածել համաշխարհային նշանակության ուժի տեր պետության եւ իսլամական մշակույթը միավորել Թուրքիայի առաջնորդության տակ:

 

«Բայց նման նպատակների իրագործումը խիստ դժվար կլինի, քանի որ Դավութօղլուն պաշտոնավարելու է Թուրքիայի նախագահ ընտրված եւ իրենից հավատարմություն պահանջող Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու նրան այդ պաշտոնին նշանակած, արդեն նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի ստվերում գտնվող քաղաքական մթնոլորտում», -նշում է թերթը:

 

Թերթը հիշեցնում է, որ թե՛ ԱԶԿ-ի համագումարում ունեցած ելույթում, թե վարչապատի պաշտոնակատար նշանակվելուց հետո Դավութօղլուն իր որդեգրած քաղաքականության մասին որեւէ նոր բան չի ասել, այլ ընդհակառակը' կրկնել է նախկին Օսմանյան կայսրության տարածքում գտնվող երկրների նկատմամբ ազդեցությունը մեծացնելու, Թուրքիայում էլ' իսլամական արժեքները վերականգնելու մասին Էրդողանի կողմից ավելի վաղ արված հայտարարությունները:

 

Թերթն ընդգծում է, որ 10 տարուց ավելի' նախ Էրդողանի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական եղած, հետո էլ Թուրքիայի արտգործնախարարությունը ղեկավարած Դավութօղլուն դեռեւս 2011 թվականին մի թերթի տված հարցազրույցում հայտարարել է, որ իր գոքրծունեության ընթացքում «յուրաքանչյուր իրավիճակում, յուրաքանչյուր իրադարձությունում առաջնորդվելու է թուրքական հայեցակարգով»: