Կառավարությունը 2018թ. նախաձեռնել է սուբվենցիաներ տրամադրելու գործընթացը՝ համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքները զարգացնելու նպատակով: 100-ից ավելի համայնքներ հնարավորություն ունեցան լուծելու տարիների ընթացքում կուտակված խնդիրները: Առաջին ֆինանսավորումից հետո տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը (ՏԿԶՆ) անհրաժեշտություն է համարել փոփոխություններ կատարել սուբվենցիայի տրամադրման կարգում, եւ նախագիծն արդեն կառավարությունում է։
Նախագծով ՏԿԶ նախարարությունը սահմանել է նաեւ ֆիլտրման մի ընթացակարգ, ըստ որի` համայնքները սուբվենցիա ստանալու հայտը պետք է ներկայացնեն մարզպետարան: Մարզպետարանը «ուղեկցող գրությամբ» հայտը կներկայացնի ՏԿԶ նախարարություն՝ եթե առարկություն չունենա ծրագրի իրագործելիության եւ ֆինանսական ցուցանիշների համապատասխանության առումով, հակասություն չտեսնի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի հետ։
Ստացվում է՝ մշտապես ստվերում գտնվող նախարար Պապիկյանը, ում անունը ի տարբերություն իր թիմակիցների՝ անչափ հազվադեպ է հոլովվում, համայնքապետերին տոտալ վերահսկելու ծրագիր է մշակել, նպատակն էլ հասկանալի է՝ քաղաքական է: Նախ, ստորին օղակները նույնպես պետք է գտնվեն գործադիրի «կանտրոլի» տակ, երկրորդը՝ համայնքապետերն ուղղակի ֆինանսական կախվածության մեջ են հայտնվում ՔՊ-ական մարզպետներից, իսկ նախկինում, գիտենք, թե ինչպիսի մեխանիզմ է գործել՝ միայն մարզպետներին «ատկատ» տվող համայնքապետերն էին օգտվում վերջիններիս բարեհաճությունից: Կա՞ արդյոք երաշխիք, որ նույն արատավոր մեխանիզմը չի գործի արդեն նոր Հայաստանում: Թերևս չկա, սակայն դա, կարծես թե, չի խանգարում Սուրեն Պապիկյանին՝ առաջ մղել իր ծրագիրը…