Ամերիկայի հայկական համագումարը Հայոց ցեղասպանության լուսանկարների թեմայով օնլայն ցուցադրություն է ներկայացնում իր կայքում:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' «Հայոց ցեղասպանության իկոնիկ նկարներ» բաժնում տրվում է ոճրագործության ողջ պատկերը' արտաքսում, մասսայական սպանություններ, սով, ավեր ու թալան, որոնք ցուցադրվում են մեզ հասած լուսանկարների միջոցով:

 

«Առաջին արտաքսումը. գերմանական երկաթուղին, ամերիկյան հիվանդանոցն ու Հայոց ցեղասպանությունը» խորագրի ներքո տարբեր ազգերի ներկայացուցիչների կողմից արված լուսանկարներն են, որ ցույց են տալիս Օսմանյան կայսրությունում ապրող հայերի ճակատագիրը:

 

Ցուցադրության մի հատվածն էլ կարևորում է Մայր Աթոռի մեծ դերակատարությունը Հայոց ցեղասպանության դաժանությունը տեսած հայերին աջակցության գործում: Ինչպես նաև համաշխարհային առաջնորդների ուշադրությունը Հայոց ցեղասպանության վրա ուղղելու Գևորգ 5-րդ կաթողիկոսի ջանքերը:

 

«Հայոց ցեղասպանության վկաները. լուսանկարներ գերմանական և ավստրոհունգարական օրինախախտների կողմից» բաժնում ներկայացված են լուսանկարներ, որոնք կատարել են Թուրքիայի դաշնակից երկրների զինվորականները: Չնայած թուրքական իշխանությունները խստորեն հետևում էին, որ հայերի և քրիստոնյա այլ ազգերի նկատմամբ կատարվող բռնությունները չլուսանկարվեին, դաշնակից գերմանական բանակում, սակայն, եղան զինվորականներ, որոնք գաղտնի նկարահանեցին այն ամենը, ինչ կատարվում էր հայերի հետ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: