Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ մարտի 25-ին ժամանել են Germanwings ավիաընկերության A320 մարդատար օդանավի կործանման շրջան: Նրանք ուղղաթիռից դիտել են աղետի վայրը: Ավելի ուշ նրանց միացել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Երեք պետությունների ղեկավարները մասնակցել են ավիաաղետի 150 զոհերի հոգեհանգստի երկու արարողությունների եւ ծաղիկներ դրել զոհվածների հիշատակին: Նրանք նաեւ հանդիպումներ են անցկացրել փրկարար ծառայությունների աշխատողների, բժիշկների եւ փորձագետների հետ ու տեղում ծանոթացել հետաքննության ընթացքին եւ որոնողական աշխատանքների հանգամանքներին:

 

Սեն Լեզ Ալպ քաղաքում համատեղ ելույթի ընթացքում Օլանդն ընդգծել է, որ իրենք պարտավոր են պարզել, թե ինչով էր պայմանավորված ինքնաթիռի կործանումը: Նա նաեւ նշել է, որ աղետյալ ինքնաթիռի երկրորդ ինքնագրիչը առայժմ հայտնաբերված չէ: «Գտնվել է երկրորդ «սեւ արկղի» կորպուսը, բայց բուն ինքնագրիչը հայտնաբերված չէ: Աշխատանքներ են սկսվել առաջին ինքնագրիչի տվյալների վերծանման շուրջ»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը:

 

Տրանսպորտում պատահարների վերլուծության եւ հետաքննության ֆրանսիական բյուրոյի տնօրեն Ռեմի Ժուտին հրապարակել է այն հիմնական եզրակացությունները, որոնց ներկայում արել են փորձագետները: Նա հայտարարել է, որ դիտարկվում են բոլոր հնարավոր վարկածները: «Առայժմ մենք չունենք այն բանի որեւէ բացատրություն, թե ինչով էր պայմանավորված ինքնաթիռի կտրուկ իջնելը, ինչը հանգեցրել է աղետի»,- խոստովանել է փորձագետը: «Մենք չենք մերժում տեղի ունեցածի կանխավարկածներից ոչ մեկը»,- հավելել է նա:

 

Այդուհանդերձ, նրա խոսքով, վարկածներից մի քանիսը չեն հաստատվում աղետի հանգամանքներով: «Ինքնաթիռում պայթյուն չի եղել, այն ամբողջական կորպուսով թռչել է մինչեւ գետնին բախվելը»,- ասել է Ժուտին: Նա նաեւ կասկած է հայտնել օդանավի սրահի կամ օդաչուների խցիկի ապահերմետիկացման վարկածի կապակցությամբ: Պատասխանելով օդանավի հայտնաբերված ինքնագրիչի տվյալների վերլուծության վերաբերյալ հարցին՝ բյուրոյի տնօրենը նշել է, որ դրանց հետ կապված աշխատանքները շարունակվում են, բայց «այժմ չափազանց վաղ է դրանց հիման վրա եզրակացություններ անելը»:

 

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Ինտերպոլը Լիոնից, որտեղ գտնվում է նրա կենտրոնակայանը, Փարիզ է ուղարկել իր մի խումբ փորձագետների՝ մասնակցելու A320-ի աղետի հետաքննությանը: Խմբի մեջ մտնում են չորս մասնագետներ, որոնք Ֆրանսիայի ժանդարմերիայի փորձագետներին կօգնեն նույնականացնելու զոհված ուղեւորների մարմինները եւ իրականացնելու հետաքննչական այլ գործողություններ:

 

Ինչպես հայտնել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը, կործանված օդանավում եղել են տասից ավելի պետությունների քաղաքացիներ: «Մենք առայժմ չունենք վերջնական ցուցակը, դրանով զբաղվում է այն երկիրը, որտեղից մեկնել է ինքնաթիռը, այսինքն՝ Իսպանիան,- նշել է Ֆաբիուսը:- Սակայն մենք մի շարք պետություններից հաստատումներ ենք ստացել առ այն, որ օդանավում եղել են նրանց քաղաքացիները: Նրանք առավելապես, իհարկե, Գերմանիայի եւ Իսպանիայի քաղաքացիներ են: Բայց ուղեւորներ են եղել նաեւ Արգենտինայից, Ավստրալիայից, Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Դանիայից, Ղազախստանից, Մեքսիկայից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Կոլումբիայից»: