Եվրոպայում մարտի 25-ից եռօրյա սուգ է հայտարարված Ֆրանսիայում A320 ինքնաթիռի կործանման կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը:
«Եվրահանձնաժողովի շենքերի մոտ դրոշները կխոնարհվեն երեք օր՝ սկսած մարտի 25-ից: Եվրահանձնաժողովը սգում է բոլոր երկրների ժողովուրդների հետ միասին: Եվրոպան սգի մեջ է»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ ԵՀ-ի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը տեղի ունեցած ողբերգության շուրջ հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Ավելի վաղ եռօրյա սուգ է հայտարարվել Իսպանիայում:
Գերմանական Germanwings ընկերության ինքնաթիռը, որը Բարսելոնից ընթանում էր Դյուսելդորֆ մարտի 24-ին կործանվել է Ֆրանսիայի հարավ-արեւելքում: Աղետը տեղի է ունեցել Վերին Պրովանսի Ալպեր դեպարտամենտում Տրուա-Էվեւշե դժվարամատչելի լեռնազանգվածի շրջանում՝ Դին լե Բեն բնակավայրի մերձակայքում: Ընդամենը օդանավում եղել է 150 մարդ՝ 144 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ, որոնց թվում, ըստ նախնական տվյալների, եղել են Գերմանիայի, Իսպանիայի, Թուրքիայի քաղաքացիներ, ինչպես նաեւ Բելգիայի, Իսպանիայի, Ավստրալիայի եւ Նիդեռլանդների հպատակներ:
Ավիաաղետի հետեւանքով զոհվել են օպերային հայտնի երգիչ Օլեգ Բրիժակը, ինչպես նաեւ երգչուհի Մարի Ռադները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: