Արգենտինայի քաղաքացի Ալեխանդրո Ջոել Տորեսին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի երկրորդ մասի և 266-րդ հոդվածի երրորդ մասի երկրորդ կետի հատկանիշներով:

 

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնի դարձավ դատական տեղեկատվական համակարգից:

 

Ալեխանդրո Ջոել Տորեսը նախնական համաձայնության է եկել Բոլիվիայում բնակվող Միրանդայի հետ, ըստ որի մաքսանենգ ճանապարհով խոշոր չափերի թմրամիջոց Հայաստան տեղափոխելով Երևանում այն պետք է հանձներ մի անձնավորության' իրացնելու նպատակով, ինչի դիմաց 8000 ԱՄՆ դոլար գումարը պետք է ստանար Բոլիվիայում:

 

Միրանդայից ստանալով հատուկ գաղտնարաններում թաքցված 2504,604 գրամ կոկաին տեսակի թմրամիջոցները'2015 թվականի փետրվարի 6-ին Ալեխանդրոն 2 ճամպրուկներով Սան-Պաուլոյից ժամանել է Երևան: «Զվարթնոց» օդանավակայանում անվտանգության աշխատակիցները հայտնաբերել են թմրամիջոցները և մեղադրյալին հանձնել իրավապահ մարմիններին:

 

Վերը նշված քրեական հոդվածներով'Ալեխանդրո Ջոել Տորեսին սպառնում է 4-15 տարի ժամկետով ազատազրկում'գույքի բռնագրավմամբ:

 

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանն Ալեխանդրո Ջոել Տորեսի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը: