ՀՀ հատուկ քննչական ծառայությունն օրեր առաջ հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ տարբեր անվճարունակ քաղաքացիներ, խաբեությամբ՝ պետությանը գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով, որպես կանոն, թանկարժեք մեքենաներ ունեցող և վճարունակ անձանց հետ, վերջիններիս հասցեագրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բազմաթիվ դեպքերի վերաբերյալ կազմված վարչա կան ակտերն իրենց անվամբ վերահասցեագրելու նպատակով կեղծ դիմումներ են ներկայացրել ՀՀ ճանապարհային ոստիկանություն, ապա վերահասցեագրումից հետո այդ որոշումներով նախատեսված գումարները չվճարելով՝ պետությանը պատճառել են խոշոր և առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

 

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում հիշյալ հանցագործությունները կատարելու կասկածանքով ձերբակալվել է քաղաքացի Ս. Ա.-ն: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունից:

 

Նշենք նաև, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող նույն քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել ևս 10 անձանց, այդ թվում՝ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց:

 

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: