Շիա ապստամբների ղեկավար Աբդ ալ Մալիք ալ Հոուշին կոչ է արել ձևավորել ազգային ճակատ իրենց դեմ ուղղված ագրեսիան ճնշելու համար:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, նա հայտարարել է, որ եմենցիները սաուդյան համակարգին թույլ չեն տա ստրկացնել իրենց՝ ավելացնելով, որ Սաուդյան Արաբիայի քայլերը իր դեմ են ուղղվելու, եթե ռմբակոծությունները չդադարեցվեն:

 

Մյուս կողմից' Արաբական երկրների լիգայի խորհուրդը համաձայնության է եկել միացյալ զինված ուժեր կազմավորելու շուրջ, որի հիմնական նպատակն է անհապաղ ռազմական միջամտություն ցուցաբերել ցանկացած սպառնալիքի դեպքում, որին կարող են ենթարկվել արաբական երկրները:

 

Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադին ժամանել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք էր Ռիադ: Սաուդյան Արաբիայի ռազմական ուժերը տեղեկացրել են, որ Եմենի օրինական ուժերի հետ շարունակում են վերականգնել երկրի բնականոն իրավիճակը: «Վճռականության փոթորիկ» ռազմական գործողությունների նպատակն է պաշտպանել Եմենի օրինական կառավարությանը շիա զինյալներից:

 

Մարտի 26-ին Սաուդյան Արաբիայի ռմբակոծությունների հետևանքով ուժգին պայթյուններ են որոտացել Եմենի մայրաքաղաք Սանայի հյուսիսում, որտեղ գտնվում են շիա ապստամբների՝ հոուշիների նստավայրերը, բանակի ռազմական ճամբարները: Պատճառած վնասների մասին կոնկրետ տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:

 

Սաուդյան Արաբիան մարտի 26-ի կեսգիշերին ռազմական օդանավերով սկսել է ռմբակոծել Եմենում շիաների դիրքերի ուղղությամբ: