Սահմանամերձ շրջաններում ապաստարաններ կառուցելու հարցը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում:
Այս մասին Հայաստանում քաղպաշտպանության կազմակերպման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտնեց ՀՀ տարածքաին կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Սերգեյ Ազարյանը: Նա նշեց, որ պարզագույն թաքստոցների կառուցման գործընթացը կմեկնարկի ապրիլից:
Սահմանամերձ Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը լրագրողների հետ զրույցում շեշտեց գյուղի անվտանգ ապաստարաններով ապահովվածության կարևորությունը: «Տարածքային և արտակարգ իրավիճակների նախարարության միավորումից հետո բավականին աշխատանքներ են կատարվում, այդ թվում' ուսումնասիրություններ' եղած հնարավոր կառույցները ճիշտ ու ապահով ձևով շահագործելու համար, որ կարողանանք ներկա պահին առկա ռեսուրսները արդյունավետ օգտագործել: Անցյալ տարի տարածքում տեղակայաված զորամիավորման հրամատարության և բնակչության ուժերով պարզագույն պաշտպանական կառույցներ են կառուցվել, որոնք կարելի է անվանել ընտանեկան կառույցներ, որպեսզի մարդիկ տեսնեն ու ճիշտ ձևով կարողանան նման կառույց ունենալ: Բացի այդ' կառուցվել է հենապատ' 300 մետր երկարությամբ, 2.5 մետր բարձրությամբ, որպեսզի համայնքի երկու թաղամասերը կապվեն իրար հետ, որտեղ գտնվում են մանկապարտեզը և գերեզմանոցը: Պետության կողմից միջոցները տրամադրվել են վարչապետի այցելությունից հետո»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' տեղեկացրեց Սամվել Սաղոյանը:
Նա նշեց, որ ՏԿԱԻՆ աշխատակիցների հետ ուսումնասիրել են մանկապարտեզի, դպրոցի, համայնքային կենտրոնի նկուղային հարկերը, որոնք վերանորոգումից հետո կարող են ծառայել որպես ապաստարաններ: «Անհրաժեշտ է, որ դպրոցի տարածքում ժամանակակից ապաստարան' 150-200 հոգու համար նախատեսված բետոնապատ կառույց լինի, որպեսզի թե երեխաները, թե ուսուցչական անձնակազմը և թե դպրոցի հարակից տների բնակչությունը ապաստանեն այդտեղ»,-նման հարց բարձրացրեց Սամվել Սաղոյանը խորհրդարանական լսումների ժամանակ:
Նրա տեղեկացմամբ' Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները եղել են գյուղում, պատրաստակամություն հայտնել ֆինանսապես աջակցություն ցուցաբերել, որ նշյալ հաստատություններից մեկի նկուղը վերանորոգվի:
Չինարիի գյուղապետը կարևոր համարեց նաև այն, որ իրենց համայնքում դպրոցականների շրջանում դասընթացներ են անցկացվում պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու նպատակով: «Սահմանային լարվածությունը միշտ էլ պահպանվում է, բայց չենք ցանկանում, որ խուճապ առաջանա: Հայտնի է, որ գարնանային աշխատանքների ժամանակ թշնամին ագրեսիվ է դառնում, բայց փառք մեր ժողովրդին, որ գիտի պաշտպանության ձևերը»,-եզրափակեց Սամվել Սաղոյանը: