Միջսիրիական բանակցությունների հաջողությունը պահանջում է, որ բանակցությունները լինեն միայն սիրիացիների միջև, այլ ոչ թե արտաքին ազդեցության տակ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին նշել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ռուսական ութ լրատվամիջոցներին տված հարցազրույցում՝ ավելացնելով, որ երկխոսության մեջ հաջողության հասնելու համար անհրաժշետ է, որպեսզի մասնակից կողմերն անկախ լինեն և արտահայտեն սիրիական ժողովրդի ցանկությունը: «Եթե սիրիացիները նստեն սեղանի շուրջ, և սկսվեն երկխոսությունները, մենք կհասնենք արդյունքների»,- նշել է նախագահը:

 

Նախագահի խոսքով' Սիրիայում ազգային հաշտեցումները իրականում մեծ հաջողություններ ունեն, ինչը նպաստում է տարբեր շրջաններում շատ սիրիացիների իրավիճակի բարելավմանը: «Մենք կշարունակենք այս քաղաքականությունը, որն ամրապնդում է մեր հաջողություները»,- ասել է Ասադը:

 

Արևմուտքի վերաբերյալ նա նշել է, որ Արևմուտքը չի ընդունում դաշնակցային հարաբերություններ՝ հավելելով, որ եթե նրան դուր չի գալիս ինչ-որ պետություն, փորձում է փոխել կառավարությունը կամ նախագահին: Ընդ որում, Արևմուտքը հաշվի չի առնում ազգի ցանկությունը: Նրան միայն դուր է գալիս իրեն ենթարկվող երկիրը: Ասադի խոսքով' Արևմուտքը ճնշումներ է գործադրել իր վրա, որպեսզի հեռանա Իրանից:

 

«Արևմուտքի համար Սիրիան դեմոկտրատական երկիր կլիներ, եթե մենք ենթարկվենք»,- նշել է Ասադը՝ ավելացնելով. «Սիրիական ազգն ինքը կորոշի իր ճակատարգիրը, և մեզ չի մտահոգում այն, թե ինչ կմտածեն արևմտյան երկրները կամ տարածաշրջանային նրանց դաշնակիցները»:

 

Նախագահի համոզմամբ, Արևմուտքը ցանկանում է, որպեսզի Սիրիան խամաճիկ դառնա իր ձեռքում: Հատկապես ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան չեն ցանկանում քաղաքական կարգավորում, այլ միայն ցանկանում են կործանել պետությունը:

 

Ասադը հայտարարել է, որ միջսիրիական բանակցությունների վերաբերյալ Ռուսաստանի նախաձեռնությունը ձախողել է Արևմուտքի ռազմական պլանները, որոնք նախատեսվում էին իրականացնել Սիրիայում: