Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահ է, որ ՀԱՊԿ տարածքում առկա հակամարտությունները, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծել առանց արտաքին միջամտության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով բելառուսական «Բելտա»-ն, այս մասին Լուկաշենկոն խոսել է ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ հանդիպման ժամանակ:

 

«Ցանկալի է, որ մեր խնդիրներն ինքներս լուծենք: Սեղանի շուրջ՝ Մինսկում, Մոսկվայում, Երևանում, ՀԱՊԿ անդամ մյուս երկրներում, որպեսզի այլ երկրների, խմբերի, կլոր սեղանների ազդեցությունը չլինի: Մենք առավել ևս կարող ենք լուծել այդ խնդիրները Ղարաբաղում, Մերձդնեստրում, Ուկրաինայում: Սրանք մեր խնդիրներն են: Մենք դրանք պետք է լուծենք առանց արտաքին միջամտության»,- ասել է Լուկաշենկոն:

 

Նա կարծիք է հայտնել, որ միայն համատեղ ջանքերով է հնարավոր ապահովել ազգային շահերի պաշտպանությունը: Նրա խոսքով՝ այս հարցում շատ բան կախված է անվտանգության խորհրդի քարտուղարներից: