Հայ-ադրբեջանական շփման գծում գրանցվող ցանկացած մարդկային կորուստ իսկական ողբերգություն է, որին անհապաղ պետք է վերջ տրվի: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, այս մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:

 

Նա հերթական անգամ հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի շփման գծում լարվածությունը չավելանա, իսկ ճակատում չլինեն հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Մորնինգսթարը նշել է, որ այս կապակցությամբ մեկ անգամ չէ, որ հայտնել է իր մտահոգությունը:

 

«Ես բազմիցս ընդգծել եմ և ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ շփման գծում ցանկացած մարդկային կորուստ ողբերգություն է: Դա պետք է կանխարգելել, չի կարելի նման դեպքեր թույլատրել: Որպեսզի կարողանանք դա ապահովել, անհրաժեշտ է, որպեսզի հակամարտությունը վերջնականապես կարգավորվի: Մենք կշարունակենք ջանքեր գործադրել այս ուղղությամբ»,- հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպանը: