Շիրակի մարզի Աշոցք գյուղի բնակիչ Միսաք Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնի դարձավ դատական տեղեկատվական համակարգից:

 

Միսաք Տոնոյանն, աշխատելով ՀՀ Բավրա սահմանային անցակետի հարևանությամբ տեղակայված «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի վաճառքի սպասարկման կետում, 2014թվականի հուլիսին անհայտ քաղաքացու մոտ տեսնելով կեղծ ԱՊՊԱ վկայագիր և նրանից ճշտելով, որ այն պատրաստվել է և իրեն է տրամադրվել «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ին պատկանող ու նույն տեղում գործող մյուս վաճառքի սպասարկման կետից, որոշել է նշված վկայագրի ձևաթուղթը կեղծելով, խաբեության եղանակով, քաղաքացիներից գումար հափշտակել:

 

Նա գնացել է «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի վաճառքի սպասարկման կետ, այնտեղ գտնվող համակարգչից գաղտնի ներբեռնել ձևաթղթի էլեկտրոնային տարբերակն իր մոտ եղած կրիչի վրա: Հետագայում' 2014 թվականի օգոստոսի 22-ին իր աշխատանքի վայրում Ավստրիայի Հանրապետության' արտասահմանից կարճ ժամանակով ՀՀ ժամանած երեք քաղաքացիներին ներկայացրել է վկայագրի կեղծ ձևաթուղթը և իրականությունը խեղաթյուրելով' հայտնել, որ նմանատիպ պայմանագիր չկնքելու դեպքում կտուգանվեն 200 եվրոյով: Ստանալով նրանց համաձայնությունը, մեղադրյալը նրանց անվամբ կազմել ու օգտագործել է կեղծ վկայագրեր, որոնց դիմաց որպես գանձման գումար պահանջել և ստացել է 97 հազար 551 ՀՀ դրամին համարժեք 180 եվրո, որը հափշտակել է:

 

Վերը նշված քրեական հոդվածով' Միսաք Տոնոյանին սպառնում է նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով տուգանք կամ ուղղիչ աշխատանքներ մեկից երկու տարի ժամկետով, կամ առավելագույնը երկու ամիս ժամկետով կալանքով, ինչպես նաև առավելագույնը երկու տարի ժամկետով ազատազրկում:

 

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը Միսաք Տոնոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է ստորագրությունը չհեռանալու մասին: