Ներգաղթի հարցերով նախարար Քրիս Ալեքսանդերի արտահայտությունների պատճառով Կանադայում դիվանագիտական սկանդալ է հասունացել. Ալեքսանդերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է ահաբեկիչ: Այս մասին գրում է The Huffington Post-ը:

 

 

Ինչպես նշվում է, նման հայտարարություն կանադական կառավարության ներկայացուցիչն արել էր դեռ փետրվարի 22-ին՝ ելույթ ունենալով Կանադայի ուկրաինացիների կոնգրեսի առջև:

 

 

«Իմ կարծիքով՝ սա (հակամարտությունն Ուկրաինայում) ամենամեծ խնդիրն է, որին այսօր բախվում է աշխարհը: Սա մեր վարչապետի և մեր թիմի կարծիքն է: Այո՛, դա ահաբեկչություն է: Վլադիմիր Պուտինը պահում է իրեն ինչպես ահաբեկիչ»,- ընդգծել է Ալեքսանդերը:

 

 

Կանադայում ՌԴ դեսպանատունը մեկ ամիս անց՝ մարտի 23-ին, Twitter-ի իր էջում տեղադրել է կանադացի նախարարի ելույթը պարունակող տեսանյութ և նշել, որ սա նման է «հինգրոպեական ատելության»՝ Օրուելի ոճով: