Եմենի արևմուտքում գտնվող գաղթականների ճամբարի ուղղությամբ Սաուդյան Արաբիայի չորս օդային հարվածների հետևանքով զոհվել է 40, վիրավորվել' 250 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին մարտի 30-ին հայտարարել է Եմենի պաշտ պանության նախարարությունը:

 

 

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բն Աբդ ալ Ազիզ աս Սաուդը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է երկխոսություն սկսել Եմենում հակամարտող բոլոր կողմերի հետ, որոնք ցանկանում են պահպանել երկրի անվտանգությունն ու կայունությունը:

 

 

Մինչև մարտի 26-ը ռազմական գործողություններ սկսելը նախատեսված էր միջեմենյան բանակցություններն անցկացնել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում, սակայն շիա ապստամբները հրաժարվել էին մեկնել այնտեղ:

 

 

Տեղեկություններ են ստացվել, որ Եմենի նախկին նախագահ Ալի Աբդ Ալլահ Սալեհը, ում կողմնակիցներն են շիա ապսամբները, դիմել է Սաուդյան Արաբիային և Պարսից ծոցի երկրներին՝ կոչ անելով դադարեցնել օդային հարվածները և նպաստել խնդիրների քաղաքական լուծմանը:

 

 

«Վճռականության փոթորիկ» գործողությունները Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ սկսվել են մարտի 26-ի գիշերվանից: Սաուդյան Արաբիային աջակցում են Բահրեյնը, Քատարը, Քուվեյթը և ԱՄԷ-ն: Դաշինքին միացել են Եգիպտոսը, Հորդանանը, Մարոկոն, Պակիստանը և Սուդանը: Ռմբակոծության են ենթարկվել Եմենի քաղաքների բնակելի թաղամասերը, պետական հաստատություններ, կարևոր նշանակություն ունեցող օբյեկտներ:

 

 

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Սաուդյան Արաբիայի ռազմական գործողություններին մասնակցում է հարյուր ռազմական օդանավ: Մինչդեռ շիա ապստամբները հայտարարել են 30 օդանավերի մասին՝ նշելով, որ նման մեծ թիվ հայտարարելով՝ փորձել են հոգեբանական ճնշում գործադրել իրենց վրա: