Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ ռազմական կոալիցիան մարտի 27-ին շարունակում է ռմբակոծել շիա ապստամբների դիրքերը Եմենում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ռմբակոծության հետևանքով Սաադա մարզում 20 խաղաղ բնակիչ է զոհվել: Սաադա մարզը համարվում է շիա ապստամբների ՝ հոուշիների, գլխավոր հենակետը: Ռմբակոծության են ենթարկվել մայրաքաղաքում նախագահական նստավայրը, երկրի հարավային և հյուսիսային շրջանները:

 

Տեղեկություններ են հաղորդվել, որ Եմենի հյուսիս-արևելքում սաուդյան հետախուզական օդանավ է ընկել: Եմենի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ Սաուդյան Արաբիայի ռազմական գործողությունների սկզբից զոհերի թիվը հասել է 40-ի:

 

Սաուդյան Արաբիան Բահրեյնի, Կատարի, Քուվեյթի և ԱՄԷ-ի աջակցությամբ մարտի 26-ին ռազմական գործողություններ է սկսել «Անսար Ալլահ» շարժման ապստամբների դեմ, ովքեր վերահսկողություն էին հաստատել երկրի զգալի մասի վրա: Ռազմական դաշինքն իրականացրել է ծովային և օդային շրջափակում: Դաշինքին միացել են Եգիպտոսը, Հորդանանը, Մարոկկոն, Պակիստանը և Սուդանը: Ռմբակոծության են ենթարկվել Եմենի բնակելի թաղամասերը, պետական հաստատություններ, կարևոր նշանակություն ունեցող օբյեկտներ:

 

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Սաուդյան Արաբիայի ռազմական գործողություններին մասնացկում են հարյուր ռազմական օդանավեր: Մինչդեռ շիա ապստամբները հայտարարել են 30 օդանավի մասին՝ նշելով, որ նման մեծ թիվ հայտարարելով՝ փորձել են հոգեբանական ճնշում գործադրել իրենց վրա: