Եմենում Սաուդյան Արաբիայի ագրեսիայի հետևանքով 13 խաղաղ բնակիչ են զոհվել, որոնց թվում կանայք և երեխաներ կան:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լիբանանյան «Ալ Մայադին» գործակալությունը, լուրեր են շրջանառվում «Անսար Ալլահ» շարժման ղեկավարների սպանության մասին:

 

Աղբյուրի տեղեկացմամբ, Եգիպտոսը, Հորդանանը, Սուդանը, Քուվեյթը, ԱՄԷ-ն, Կատարը, Բահրեյնը, Պակիստանը նույնպես մասնակցում են ռազմական գործողություններին: Իր հերթին Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցան հայտարարել է Եմենում Սաուդյան Արաբիայի ռազմական գործողություններին աջակցելու մասին: Սաուդյան Արաբիայի լրատվամիջոցների տեղեկացմամբ, Հորդանանը Եմենի ռազմական գործողություններին մասնակում է վեց ռազմական օդանավեր:

 

ԱՄՆ-ն իր հերթին հայտարարել է, որ անմիջական մասնակցություն չի ցուցաբերի Եմենի ռազմական գործողություններին, սակայն կաջակցի Սաուդյան Արաբիային ռազմական գործողություններում:

 

ՄԱԿ-ը հայտարարել է, որ մտադիր չէ որոշում ընդունել Եմենում ռազմական գործողություններ սկսելու մասին:

 

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ շիա ապստամբները Եմենում գաղտնի արխիվ են գրավել, որտեղ առկա են ԱՄՆ-ի հետախուզական փաստաթղթեր: Տեղեկություններ կան, որ նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադիի կողմնակից ուժերը պատրաստ են վերահսկողություն հաստատել Ադենի օդանավակայանի վրա:

 

Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը, ով ակտիվ աջակցություն էր ցուցաբերում շիա ապստամբներին, հեռացել է մայրաքաղաք Սանայի իր նստավայրից՝ զգուշանալով Սաուդյան Արաբիայի ռմբակոծություններից:

 

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բն Աբդ ալ Ազիզ աս Սաուդիի հրամանով սաուդական ռազմական ավիացիան կեսգիշերից սկսել է հարվածել շիաների դիրքերին: Ռմբակոծության են ենթարկվել տասնյակ կետեր, որոնք գտնվում են շիաների հսկողության տակ:

 

Եմենում 2014թ. օգոստոսից շարունակվում է քաղաքական ճգնաժամը: Հունվարի վերջին շիաները երկրի նախագահին և վարչապետին ստիպել էին հրաժարական տալ: Նրանք իրենց ձեռքն էին վերցրել պետական հաստատությունները: Նախագահը հայտնվել էր տնային կալանքի տակ, սակայն որոշ ժամանակ անց տեղափոխվել էր Ադեն քաղաք: Այժմ Աբդ Ռաբբո ալ Հադին միջազգային մակարդակում ընդունվում է որպես երկրի գործող նախագահ: