Հալեպի մերձակայքում գտնվող ալ Բաբ քաղաքում օդային ռմբակոծության հետևանքով 45 խաղաղ բնակիչներ են զոհվել, մոտ 175-ը վիրավորվել են:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգի կենտրոնը: Ռմբակոծության թիրախում հայտնված ալ Բաբ քաղաքը գտնվում է «Իսլամական պետության» վերահսկողության տակ: Ռումբերն ընկել են բնակելի և արդյունաբերական շրջանների, ինչպես նաև Հալեպի հյուսիսում գտնվող Կաբբասին գյուղաքաղաքի վրա:
Ալ Բաբ քաղաքում բնակվում է մոտ 100 հազար մարդ: Սիրիական պաշտոնական աղբյուրները տեղեկություններ չեն հրապարակել ալ Բաբ քաղաքի ռմբակոծության վերաբերյալ:
Համաձայն տեղեկությունների՝ 72 ժամվա ընթացքում իսլամիստների հսկողության տակ գտնվող տարածքների վրա սիրիական օդուժն արձակել է 470 օդային հարված, որոնց հետևանքով ավելի քան 110 մարդ են զոհվել: Օդային հարվածների թվում ներառված է նաև Դամասկոսի Խադիա արվարձանի ուղղությամբ հարվածները:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպի մարզում կռվող զինված խմբավորումները համաձայնության են եկել դաշինք ստեղծելու վերաբերյալ: Դաշինքը կկրի «Ջաբհա Շամիա» անունը:
Հալեպ քաղաքն այժմ բաժանված է 2 մասի, որից մեկը գտնվում է կառավարական ուժերի վերահսկողության ներքո, մյուսը՝ զինված խմբավորումների:
Հալեպում կառավարական ուժերի և զինված խմբավորումների միջև բախումներն սկսվել են 2012թ. ամռանը: Ավելի քան 2 տարի շարունակվող պայքարում հազարավոր մարդիկ են զոհվել և վիրավիրավորվել: