Թայիզ քաղաքում շիա ապստամբների' հոուսիների արձակած հրթիռներից 14 խաղաղ բնակիչներ են զոհվել, որոնց մեծամասնությունը երեխաներ են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, իրենց հերթին արաբական դաշինքի երկրները Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ ռմբակոծել են շիաների դիրքերը Եմենի հարավ-արևմուտքում: Պատճառած վնասների մասին դեռ տեղեկություններ չկան: Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադիի կողմնակից ուժերը ձգտում են վերահսկողություն հաստատել երկրի' մեծությամբ երրորդ քաղաքում' Թայիզում, որն ապրիլից գտնվում է շաիների ձեռքում:
«Բժիշկներ առանց սահմանների կազմաերպության» տեղեկություններով, արաբական դաշինքի ռմբակոծության հետևանքով Եմենում օգոստոսի 21-ին 65 քաղաքացիներ են զոհվել:
Եմենի ժամանակավոր մայրաքաղաք համարվող Ադենի շրջաններից մեկն «Ալ Կաիդա»-ի կողմից գրավելու լուրը անհավատալի է: Այս մասին հայտարարել է Եմենի Ներքին գործերի փոխնախարար Ալի Նասր Լահշաան: «Նրանց պահվածքից երևում է, որ նրանք «Ալ Կաիդա»»-ից չեն»,- նշել է նա: Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ «Ալ Կաիդա»-ի ահաբեկիչները գրավել են աթ Թաուահի շրջանը և այնտեղ հայնտվել են խմբավորման սև դրոշները:
Եմենում իրավիճակը առավել սրվել էր 2015թ. հունվարից, երբ շիա ապստամբները գրավել էին մայրաքաղաք Սանան: Ապստամբների ճնշման տակ նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադին և վարչապետ Խալեդ Բախախը հրաժարական էին տվել: Որոշ ժամանակ անց նախագահ Մանսուր Հադին ստիպված փախուստի էր դիմել Ադեն, իսկ կարճ ժամանակ հետո՝ մարտի 25-ին շիաների Ադեն մտնելով, հեռացել էր երկրից:
Նախագահը դիմել է Սաուդյան Արաբիային' խնդրելով միջամտել ստեղծված իրավիճակին: Մարտի 26-ին Սաուդյան Արաբիան Բահրեյնի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի օդային ուժերի օգնությամբ Եմենում իրականացվել է «Վճռականության փոթորիկ» գործողությունը, որի ավարտից հետո սկսվել է ռազմական գործողություններ ի մյուս՝ «Հույսի վերականգնում» փուլը: