Սաուդյան Արաբիայի օդային հարվածների հետևանքով Իբ քաղաքում վեց ուսանող են զոհվել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լիբանանյան «Ալ Մայադին» գործակալությունը, հարձակման է ենթարկվել քաղաքի դպրոցներից մեկը:

 

Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական դաշինքը ռմբակոծել է Բայդա մարզի 117-րդ ճամբարը, ինչպես նաև Իբ քաղաքի արևելքում գտնվող Համզա ճամբարը: Նաև ռմբակոծվել են Սաադա և Հաջջա մարզերը: Եվս չորս հարված ուղղվել են Մահնաք շրջանում շիաների զինապահեստների և հավաքատեղիների ուղղությամբ:

 

Ադենի նահանգապետ Նայիֆ ալ Բաքրին նշել է, որ նահանգը գտնվում է չափազանց ծանր վիճակում:

 

Աղբյուրի տեղեկացմամբ, նախօրեին դադարեցվել են օդային հարվածները Սանայի ուղղությամբ, և այնտեղ զգուշավոր լռություն է տիրում:

 

Արաբական դաշինքը «Վճռականության փոթորիկ» գործողությունների շրջանակում նաև ռմբակոծել է Սանհան լեռնային շրջանի ուղղությամբ, որը Եմենի նախկին նախագահ Ալի Աբդ Ալլահ Սալեհի ծննդավայրն է: Լուրեր են շրջանառվում, որ նախկին նախագահը գտնվում է Սանհանում:

 

ՄԱԿ-ը հայտարարել է, որ Եմենում երկու շաբաթվա ռազմական գործողությունների հետևանքով ավելի քան 500 մարդ են զոհվել, ևս 1700-ը վիրավորվել են: «Վճռականության փոթորիկ» գործողությունները Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ սկսվել են մարտի 26-ի գիշերը: Սաուդյան Արաբիային աջակցում են Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը և ԱՄԷ-ն: