Շիա ապստամբները մայրաքաղաք Սանայում ինքնաթիռ են խոցել՝ գերի վերցնելով սաուդացի օդաչուին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ևս մեկ ինքնաթիռ շիաները խոցել էին մարտի 28-ին, սակայն տեղեկություններ չեն հաղորդվել օդաչուի մասին:

 

 

Եմենում մարտի 30-ին Սաուդյան Արաբիայի չորս ռմբակոծությունների հետևանքով Հարդ շրջանի Մազրակ ճամբարում տասնյակ զոհեր և վիրավորներ են գրանցվել, որոնց թիվը դեռ չի հրապարակվել: Սաուդյան Արաբիան իր դաշնակիցների հետ շարունակում է ռմբակոծել Սանայի ռազմական բազաները:

 

 

Նախօրեին՝ մարտի 29-ին, ավիահարվածների հետևանքով 13 զինծառայողներ և խաղաղ բնակիչներ են զոհվել, ավելի քան 70-ը վիրավորվել են:

Հնդկաստանը երկու ուղևորատար նավեր և մեկ օդանավ է ուղարկել Եմեն' իր քաղաքացիներին այնտեղից տարհանելու համար: Նման քայլի է դիմել Չինաստանը՝ Եմեն ուղարկելով նավեր:

 

 

Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ «Վճռականության փոթորիկ» գործողությունները սկսվել են մարտի 26-ի գիշերվանից:

Սաուդյան Արաբիային աջակցում են Բահրեյնը, Քատարը, Քուվեյթը և ԱՄԷ-ն: Դաշինքին միացել են Եգիպտոսը, Հորդանանը, Մարոկոն, Պակիստանը և Սուդանը: Ռմբակոծության են ենթարկվել Եմենի քաղաքների բնակելի թաղամասերը, պետական հաստատություններ, կարևոր նշանակություն ունեցող օբյեկտներ:

 

 

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Սաուդյան Արաբիայի ռազմական գործողություններին մասնակցում է հարյուր ռազմական օդանավ: Մինչդեռ շիա ապստամբները հայտարարել են 30 օդանավերի մասին՝ նշելով, որ նման մեծ թիվ հայտարարելով՝ փորձել են հոգեբանական ճնշում գործադրել իրենց վրա: