Հայկական հուշարձանների գոյության փաստը ամբողջ աշխարհում ոչ ոքի համար նորություն չէ: Սակայն աշխարհի զանազան վայրերում հայկական մշակույթի և հատկապես հայկական եկեղեցիների գոյության փաստերի նորանոր բացահայտումները ամեն անգամ հպարտության զգացում են արթնացնում հայերիս սրտերում:

 

 

Իսիկ Կուլ լճի ափամերձ տարածքում հայկական եկեղեցու գոյությանն ու «Եվրասիական ժառանգություն. Ղրղզստանում հայ ժողովրդի պատմական հուշարձաններ և մշակույթ» թեմային էր վերաբերում «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ»-ի կազմակերպած քննարկումը:

 

 

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը բացման խոսքում նշեց, որ մենք' հայերս, գլոբալ ազգ ենք, ինչ մասին են վկայում նաև վերը նշված փաստերը: «Ես կարծում եմ, որ սխալ է անընդհատ խոսել միայն ԵԱՏՄ երկրները միավորող տնտեսական բաղադրիչի մասին, քանի որ, եթե ցանկացած միավորման մեջ բացակայում է մշակութային-հոգևոր բաղադրիչը, ապա այդ միությունն ուղղակի անհեռանկարային է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' շեշտեց Աշոտյանը' հույս հայտնելով, որ նմանատիպ գիտակրթական ծրագրերը ԵԱՏՄ շրջանակներում կլինեն շարունակական:

 

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ Տատյանա Վալովայան ընդգծեց, որ Իսիկ Կուլի ափամերձ տարածքում «հայ եղբայրների» եկեղեցու գոյության փաստերը վկայում են, որ հայերը Ղրղզստանում եղել էին ռուսներից շատ ավելի շուտ: «Հայկական եկեղեցու գոյության փաստերը վկայում են, որ եվրասիական տարածաշրջանը համաշխարհային քաղաքակրթության բնօրրանն է, ինչն անհերքելի է փաստ է»,- նկատեց նա:

 

 

Մայր աթոռի թանգարանների և արխիվների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանն էլ նկատեց, որ Հայ Առաքելական եկեղեցու Ղրղզստանի թեմը ձևավորել է Սմբատ Բագրատունին դեռևս 7-րդ դարում: «Թամերլանի արշավանքներից առաջ Միջին Ասիայի հյուսիս-արևելյան մասում գործել է հայկական եկեղեցի, որտեղ գտնվել է նաև Մաթևոս առաքյալի գերեզմանը: Ըստ կատալոնյան քարտեզի' «Հայ եղբայրների» եկեղեցին գտվել է Թալաս քաղաքից արևմուտք և Իսիկ Կուլից հյուսիս ընկած տարածքներում' Չու և Թալաս գետերի հովիտներում: Թամերլանի ավերիչ արշավանքներից հետո' 19-րդ դարում ցարական Ռուսաստանը նվաճում է Միջին Ասիան, որից հետո Հայ Առաքելական եկեղեցին վերականգնում է իր ներկայությունը Միջին Ասիայում' նոր դարաշրջանի հիմքը դնելով»,- ընդգծեց նա: